ԱՄՆ չի չեղարկում 907-րդ բանաձևը, դեռ անելիք կա

  • 12:47 05.01.2026

Ադրբեջանի նախագահը ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացմանը պահպանումը չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման մակարդակին:

Իլհամ Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ շեշտելով Բաքու–Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը և նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման գործում: Նա նշել է նաև Հայաստանի հետ առևտրի հաստատման և տրանսպորտային կապերի զարգացման կարևորությունը:

«Հույս ունենք, որ TRIPP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար», – ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականն օրերս հայտարարել էր, որ 907-րդ լրացմանը պահպանումը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին:

907-րդ բանաձևը չի չեղարկվել, չնայած 2025-ի օգոստոսի 8-ին Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպմանը խոսվել է դրա անհրաժեշտության մասին։ Հիշեցնենք, որ այս բանաձևն ընդունվել է 1992-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր իրականացնում Արցախի նկատմամբ։ Բանաձևում նշվում է, որ ԱՄՆ օգնությունը “չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը չորոշի և Կոնգրեսին չզեկուցի, որ Ադրբեջանի կառավարությունը շոշափելի քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար”։ 

ԱՄՆ-ը փաստորեն մինչ օրս չի համարում, որ Ադրբեջանը բավարար քայլեր է կատարել “Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար”, և ըստ այդմ 907-րդ բանաձևը շարունակում է գործել։ 

Նախագահ Մադուրոյի Վենեսուելայից ոսկերչական «դուրս բերումը» համաշխարհային փորձագետներին դրդել է ենթադրություններ անել այն մասին, թե ով է լինելու հաջորդը: Մինչ Թրամփը խոսում է «Դոնրոյի դոկտրինի» մասին (ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոն 1823 թվականին զգուշացրել էր մյուս տերություններին Արևմտյան կիսագնդում ամերիկյան ազդեցության ոլորտին չխառնվել), Թրամփը դիտարկում է նաև մյուս կիսագնդի ավտոկրատներին: Հիշեցնենք, որ Թրամփը 2025 թվականի օգոստոսի 8-ին Ալիևին հարցրեց, թե քանի տարի է նա կառավարում Ադրբեջանը: Ալիևը հպարտորեն պատասխանեց՝ 22: Չնայած Թրամփը նրան գովաբանեց որպես “ուժեղ լիդերի”, նա ակնհայտորեն մտածեց, որ դեռ վաղ է չեղարկել 907-րդ բաnնաձևը: