Եթե միջազգայնորեն չճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, կարող է դիտարկվել նաև ուժային եղանակը

  • 14:04 05.01.2026

Սկիզբը՝ այստեղ եւ այստեղ 

Step1.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

-Պարոն Հասան-Ջալալյան, դուք հայտարարել եք, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, Արցախի հարցը փակված չէ։ Եվ հակամարտության խաղաղ լուծմանը զուգահեռ նաեւ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման ոչ խաղաղ կամ ուժային հնարավորությունն եք դիտարկում։ Ինչպե՞ս է հնարավոր իրականացնել դա, ի՞նչ ճանապարհներ կան։

Եթե միջազգայնորեն չճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու երաշխավորված կենսագործունեությունն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը կարող է դիտարկել նաև ուժային եղանակը: Հարցն ուժային եղանակով լուծելու հնարավորություն Արցախի Հանրապետության վարչակազմին տալիս է միջազգային իրավունքը: Այսպես, 1933թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություններ, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, ընդունել է «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան, որն առավելապես հայտնի է Մոնտեվիդեոյի կոնվենցիա անունով:

Հիշյալ փաստաթղթի 3-րդ հոդվածում, մասնավորապես, արձանագրված է. «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը…»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ դե ֆակտո պետությունը կարող է ցանկացած եղանակով, այդ թվում և ուժային եղանակով, ապահովել իր տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Հարկ եմ համարում նշել, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրել է Մոնտեվիդեոյի կոնվենցիան։ Իսկ ուժային եղանակը գործադրելու իր իրավունքը Արցախի Հանրապետությունը կարող է իրացնել հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո Հայաստանի Հանրապետության վարչակազմը Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմի հետ կնքում է «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր։

Ղեկավարվելով Մոնտեվիդեոյի կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության հետ կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի դրույթներով՝ Արցախի Հանրապետության վարչակազմը պաշտոնապես դիմում է Հայաստանի Հանրապետության վարչակազմին՝ խնդրելով Արցախի Հանրապետությանը տրամադրել ռազմական օգնություն: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրված ռազմական օգնությունն անվանելով վերակազմյալ Արցախի Պաշտպանության բանակ՝ Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը նշված բանակի միջոցով ազատագրում է կամ դեօկուպացիայի է ենթարկում Արցախը։ Արցախի Հանրապետության դեօկուպացիայի հատուկ ռազմական գործողությանը կարող են մասնակցել նաև կամավորական ջոկատներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ՝ արտերկրից։

Հաշվի առնելով 1918 թվականի մայիսին հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից Ադրբեջան անունով արհեստական, կեղծ, խամաճիկային կազմավորման ստեղծման փաստը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ վերջինիս ունեցած փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է ավելի քան 107 տարի, վստահաբար պնդում եմ. Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի նույնիսկ մեկ միլիմետրը։ Հետևաբար, Արցախի մեր հայրենակիցների տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի Հանրապետության տարածքից։

Շարունակելի