
ՀՀ կառավարության նոր որոշմամբ արցախցի փոքր ընտանիքների բնակապահովման խնդիրներն ամբոջությամբ չեն լուծվում։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Տոկուն համայնք» ծրագրի պատասխանատու Որոնիկ Պողոսյանը՝ անդրադառնալով նախորդ տարեվերջին կառավարության ընդունած «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմանը։
Հիշեցնենք, որ արցախցի ոչ բոլոր փոքր ընտանիքները կարող են լինել այս որոշման շահառու։ Որոշման համաձայն՝ նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40 000 դրամ։
Արցախցիներն այս լուծումը կիսատ են համարում։ Որոնիկ Պողոսյանի խոսքով՝ ավելի լավ է փոքր ընտանիքների համար գումարի չափ որոշեն, տրամադրեն, որպեսզի կարողանան բնակարան գնել, քան ամսեկան մեկ շնչին 40 հազար դրամ հատկացնեն։ «Դա լուծում չէ փոքրաթիվ ընտանինքների համար։ Այդ ընտանիքները խոցելի են, արցախցի բոլոր ընտանիքներն ն խոցելի։ Հենց այս օրերին ես զոհված զինծառայողի ընտանիքի հետ եմ աշխատանք տանում, ամուսինը արցախյան պատերզմում զոհվել է, երեք չափահաս երեխա ունի։ Տղաները տարբեր տեղեր դիմել են, բայց ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում։ Միայն աղջիկ երեխան է 40 հազար դրամ աշխատավարձ ստանում, տան մայրը որտեղ դիմում է, աշխատանք չկա։ Իրենք էլ գյուղում են ապրում, գյուղում աշխատանք չկա, այս մարդիկ ոչ մի ծրագրից չեն կարողանում օգտվել։ Հրատապը մերժում է, ասում է՝ զոհվածի փող եք ստանում»,- ասաց նա։
Անդրադառնալով աջակցության մյուս ծրագրերին՝ Որոնիկ Սարգսյանն ասաց, որ հրատապ աջակցության ծրագիրը եւս չի ծառայում նպատակին։ «Ընդամենը 3000 ընտանիք են ընդգրկել այդ ծրագրում, իրենց թիվը վերջացել է, այդ ծրագիրը փակել են, մարդիկ գրում են՝ լրացնում ենք, մեր դիմումները չենք ընդունում, ո՞ւմ է պետք է այդ հրատապը։ Թող հանեն, այդ հրատապի փոխարեն բոլորին մեծից փոքր շնչին 40 հազար դրամ գումար տան։ Իրենց տարբեր աջակցության ծրագրերը ոչ մեկի պետք չեն, թող մի աջակցություն տան, բոլորին հավասար տան, իմ առաջարկը դա է։ Կոնկրետ ես ամեն օր առնչվում եմ արցախցիների հետ, նույն բողոքներն են բոլոր ընտանիքներում՝ մեկին այսքան են տալիս, մեկին ոչինչ չի հասնում, մյուսի դիմումը չեն ընդունում։ Զոհված զինծառայողի ընտանիքին, եթե միլիոն էլ տան, ոչ իրենց զոհն է հետ գալու, ոչ էլ մխիթարվելու են»,- նշեց նա։
Անդրադառնալով բնակապահովման ծրագրին՝ Որոնիկ Սարգսյանն ասաց, որ այդ ծրագիրը մեծ խնդիրներ է ստեղծում արցախցիների համար։ «Զագսի թղթի, մահվան թղթի խնդիրներ կան, բոլորի մոտ նույն պատմությունն է։ Մարդիկ բանկերում 2023 թվականից հետո մնացած վարկեր ունեն, որոնց մի մասը մարել են, մյուս մասը չեն մարել, ունեն ԴԱՀԿ կալանքներ, չեն կարողանում օգտվել բանկերի ծառայություններից։ Ո՞ւմ են պետք իրենց տված սերտիֆիկատները, եթե բանկը վակեր չի տրամադրում մարդկանց։ Հարյուր տարի առաջ մարդը մահացել է, հիմա մահվան թղթի հիման վրա տեղեկանք են ուզում։ Մարդիկ էդ մահվան թուղթը որտեղի՞ց բերեն, եթե այսօր Արցախը չկա։ Խնդիրները բազմաթիվ են, չեմ կարող բոլորը ներկայացնել։ Այս խնդիրներին լուծում պետք է տան, որ ժողովուրդը կարողանան այդ ծրագրից օգտվել»,- նշեց Որոնիկ Սարգսյանը։