Մինչ օրս Ալիևը չի կարողացել իրավականորեն ձևակերպել Արցախի օկուպացիան

  • 10:30 06.01.2026
Այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի. բոլորը պետք է մոռանան դրա մասին, հայտարարել է Ալիևը։ Նրա խոսքով՝ կա ուժ, կա համագործակցություն և կա դաշինք։ «Գլոբալ գործընթացները զարգանում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժը և անվտանգությունը», – նշել է նա։
Պատահական չէ, որ Ալիևն այս հայտարարությունն արել է հունվարի 6-ի նախօրեին, երբ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքին լիովին համապատասխան։ Քանի դեռ գործում էր միջազգային իրավունքը, ոչ մի երկիր կամ կազմակերպություն կասկածի տակ չէր դնում արցախցիների ինքնորոշման իրավունքը։
35 տարի շարունակ Ալիևը չէր կարողանում գտնել միջազգային իրավունքում որևէ կետ, որը թույլ կտար «լուծեր» Արցախյան հարցը Բաքվի օգտին։ «Իրավական» լուծում չկար. մնում էր ռազմական լուծում՝ «դաշնակիցների» աջակցությամբ։
Մինչ օրս Ալիևը չի կարողացել իրավականորեն ձևակերպել Արցախի օկուպացիան և ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունը։ Նա փորձում է ծածկել իրավական փաստարկների բացակայությունը «միջազգային իրավունքի գոյություն չունենալու» թզենու տերևով։
1992թ. հունվարի 6-ին ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» Հռչակագրի տեքստը հաստատելու մասին որոշում:
• Ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա, որն արտահայտվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքներում,
• գիտակցելով պատմական հայրենիքի ճակատագրի հանդեպ տածվող պատասխանատվությունը,
• հավատարմություն հայտնելով այն սկզբունքներին, որ բովանդակում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետություն հայտարարելու մասին Հռչակագիրը,
• ձգտելով կարգավորել հայ և ադրբեջանական ժողովրդների հարաբերությունները,
• կամենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը պաշտպանել դրսի հարձակումներից և ֆիզիկական ոչնչացումից,
• զարգացնելով Լեռնային Ղարաբաղի 1918-1920 թվականների անկախ, ժողովրդական ինքնակառավարման փորձը,
• արտահայտելով բոլոր պետությունների և պետությունների ընկերակցությունների հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն,
• հետևելով մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի անվտանգության ու համագործակցության համաեվրոպական խորհրդակցության անդամ երկրների Վիեննայի հանդիպմանը կնքած եզրափակիչ փաստաթղթերի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման արժանացած մյուս նորմերի սկզբունքներին և հարգելով դրանք,
Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ հռչակված պետականությունը:
Լուսանկարները՝ Տարոն Հակոբյանի արխիվից