
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 12 օր։ Արևմտյան և իսրայելամետ լրատվամիջոցները հաղորդում են բազմաթիվ զոհերի և այաթոլլաների ռեժիմի անխուսափելի վախճանի մասին։ Իրանցի պաշտոնյաներն ու փորձագետները պնդում են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ բողոքի ցույցերը առողջ հասարակության նշան են, և որ դրանց պետք է պատասխանել ոչ թե բռնությամբ, այլ խնդիրների լուծմամբ։ ԱՄՆ նախագահը նշում է, որ եթե Իրանում ցուցարարների դեմ բռնություն կիրառվի, Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի։ Իրանում սա անվանում են հոգեբանական հարձակում։
«Հոգեբանական ճնշումը որպես թշնամու ռազմավարության տարր մեզ համար նորություն չէ։ Մենք հետևում ենք այլ պետությունների գործողություններին առավելագույն զգոնությամբ։ Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի ինքնիշխանությունը՝ առանց որևէ թուլության», – իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանում բողոքի ցույցերին աջակցելու մասին հայտարարությունները՝ Բաղային նշել է, որ իրանցի ժողովուրդն արդեն իսկ նմանատիպ «աջակցություն» է զգացել անցյալ ամռանը 12-օրյա պատերազմի ժամանակ։
«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և միջուկային գիտնականների սպանությունները, ինչպես նաև սիոնիստական ռեժիմի և նրա գործընկերների այլ հանցագործությունները չեն կարող մոռացվել», – հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Խորամաբադի բնակիչները քաղաքից վռնդել են ճնշող կառավարական ուժերին և գրավել կառավարական շենքերը։ Արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Սարի քաղաքում ցուցարարները ոչնչացրել են ոստիկանական մեքենա։
Իրանի 86-ամյա գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պլանավորում է Թեհրանից փախչել Մոսկվա՝ իր 20 օգնականների և ընտանիքի անդամների ուղեկցությամբ, եթե տեսնի, որ բանակն ու անվտանգության ուժերը հրաժարվում են հրամաններից և կողմ են կանգնում ցուցարարներին, հաղորդում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով բրիտանական հետախուզությանը։
Նաև “պարզվել է”, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել է Վլադիմիր Պուտինին Թեհրանին ուղերձ փոխանցել այն մասին, որ Իսրայելը մտադիր չէ հարձակվել Իրանի վրա, հաղորդում է Kan News-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ Կանի՝ Իսրայելը մտահոգված է, որ Թեհրանը, համարելով հարձակումը անխուսափելի, կարող է կանխավ հարվածել Իսրայելի տարածքին։ Նեթանյահուի ուղերձը նպատակ ունի կանխել այս սցենարը։
Deutsche Presse-Agentur (dpa) լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հղում անելով «Human Rights Activists in Iran» իրավապաշտպան կազմակերպությանը և դրա HRANA մեդիա ցանցին, Իրանում ինը օր տևած փողոցային բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 35 մարդ, ձերբակալվել է ավելի քան 1200 ցուցարար։
Հունվարի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների նկատմամբ որևէ մեղմություն չի ցուցաբերվի։ Միևնույն ժամանակ, Իրանում 2025 թվականին մահապատժի է ենթարկվել գրեթե երկու հազար մարդ՝ երկու անգամ ավելի, քան նախորդ տարի։