
Սյուզաննա Դանիելյանն Արցախից է տեղահանվել։ Ծնվել ու մեծացել է Արցախում։ Ամբողջ գիտակից կյանքն ու նպատակները կապված են Արցախի հետ։ Ավարտելով ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը՝ որպես հաշվապահ աշխատում էր պետական կառույցներում։
Գաղթի ճանապարհն անցել է երեք տարեկան որդուն՝ Արմանին գրկին սեղմած, իսկ երկրորդ զավակին կրում էր կրծքի տակ։
Այժմ զբաղվում է էպոքսիդային խեժի արհեստով։
-Արցախում հիմնական՝ հաշվապահի աշխատանքից բացի զբաղվում էի նաև մատնահարդարումով։ Իսկ որպես հոբբի՝ ձեռքի աշխատանքը միշտ ուսումնասիրությանս կենտրոնում էր։ Մանկուց էի հետաքրքրված ձեռքի աշխատանքով, միշտ ինչ որ գեղեցիկ իրեր էի պատրաստում, վառ երևակայություն ունեի։ Սակայն երբևէ չեմ մտածել, որ այն կարող է դառնալ նաև եկամտի աղբյուր։
2020 թվականին օնլայն հարթակում սկսեցի հանրությանը ներկայացնել իմ գործերից մեկը՝ մեծ կինդեր, որն Աստծո կամոք բավականին լայն արձագանք ստացավ Արցախում։ Սկսեցի հաճույքով պատրաստել։ Իսկ արդեն 2023 թվականի պատերազմից ու Արցախի տեղահանությունից ամիսներ անց որոշեցի զբաղվել էպոքսիդային խեժի արհեստով։ Ուսումնասիրեցի այդ արհեստի նրբությունները, ծանոթացա աշխատելու մեթոդներին ու հասկացա, որ կարող եմ ուժերս փորձել նաև այդ բնագավառում։ Հետզհետե ավելի հմտացա, սկսեցի ստեղծել նոր գործեր։ Ավելի շատ սիրում եմ հեքիաթային միջավայր ստեղծել։ Առանձնապես ինձ դուր է գալիս Ամանորի նախաշեմին անմահացնել հիշարժան պահերը՝ որոնք դառնում են էսթետիկ միջավայրի տարրերից մեկը։
Իմ գործերի մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում հոգևորը՝ Տերունական աղոթքը՝ էպոքսիդային խեժի արհեստում։
Իմ արտադրանքով մասնակցել եմ Երևանում արցախցիների կազմակերպած մի շարք տոնավաճառ-ցուցահանդեսների, որոնք ինձ համար մեծ նշանակություն են ունեցել։ Այդպիսով ներկայացել եմ հանրությանը, ձեռք բերել ճանաչում ու պատվիրատուներ։
Սյուզաննան վերհիշում է ծանր օրերը, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Արմանը 2 ամսական էր, իսկ տեղահանության ժամանակ սպասում էր երկրորդ զավակին։
-Այն, ինչի միջով անցել ենք արցախցիներս, անասելի ծանր է պատմելը։ Շրջափակումը, սննդի, բացակայությունն ինքնին վտանգ էին յուրաքանչյուրի համար, սակայն մեր հույսը երբեք չէր մարում։ Սպասում էինք, որ ամեն ինչ լավ վերջաբան կունենա։ Սակայն եղավ այն, ինչ եղավ։ Նույնիսկ այժմ չենք կորցնում վերադարձի հավատը։ Սպասում ենք, որ օրերից մի օր կլսենք ավետիսը ,- ասում է երրորդ բալիկին սպասող Սյուզաննան։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ