
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է Դանիային առաջարկել գնել Գրենլանդիան։ Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 7-ին, հայտնել են The Wall Street Journal-ը և The New York Times-ը՝ հղում անելով երկրի ղեկավարության աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ վերջերս տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները չեն վկայում անխուսափելի ռազմական ներխուժման մասին։ Սպիտակ տան սպառնալիքները նպատակ ունեն Դանիային ստիպել վաճառել կղզին։ The New York Times-ի տվյալներով՝ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին մշակել Գրենլանդիայի գնման ծրագիր։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ «Գրենլանդիայի գնումը ազգային անվտանգության առաջնահերթություն է», որը «կարևոր նշանակություն ունի Արկտիկայում հակառակորդներին զսպելու համար»։ Հետևաբար, այս արտաքին քաղաքականության նպատակին հասնելու համար ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը «միշտ էլ գերագույն հրամանատարի համար հասանելի տարբերակ է»։