Աշխատանքային պայմանագիր կնքող յուրաքանչյուր անձ պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն

  • 14:15 07.01.2026
2026 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը ՀՀ–ում աշխատող դառնալու համար։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։
«Էլեկտրոնային տարբերակը բավականին հեշտացնում է գործընթացը, քանի որ լրացման համար բոլոր անհրաժեշտ կետերը ներկայացված են առցանց, կան նաև հուշումներ։ Մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, երբ աշխատողներն իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ավելի ուշ են ստացել, քան նախատեսված էր «ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ»։ Էլեկտրոնային տարբերակով այս խնդիրը լուծվում է, երբ աշխատողը «Ես եմ» համակարգում ստորագրում է պայմանագիրն իր էլեկտրոնային ստորագրությամբ»,– ընդգծեց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ այսպիսով այլևս հնարավոր չի լինելու հետին թվով համաձայնագրեր կնքել։
Նախարարության պաշտոնյան նշեց, որ էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր չի լինի միայն մի շարք բացառությունների դեպքում։
«Կան խմբեր, որոնք շարունակելու են այս համակարգից դուրս իրենց աշխատանքային հարաբերությունները կարգավորել։ Դրանք մասնավորապես վերաբերում են գաղտնի ծառայության աշխատակիցներին»,– նշեց Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, կամ էլ փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։
Նոր անձնագրեր ստացած արցախցիները էլեկտրոնային ստորագրության համար պետք է ունենան անձը հաստատող քարտ՝ ID։ 070 կոդով անձնագրեր և ժամանակավոր պաշտպանության վկայականներ ունեցող արցախցիները կարող են դիմել մոբիլ նույնականացման քարտի համար ցանկացած բջջային օպերատորի սպասարկման գրասենյակ։