
Սկիզբը՝ այստեղ, այստեղ եւ այստեղ
Step1.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։
-Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրականացրել Արցախի ժողովրդի դեմ՝ ուժով օկուպացնելով Արցախը։ Հիմա ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ միջազգային դատական ատյաններում չեն բարձրացնելու այս հարցերը։ Ի՞նչ պետք է անել, ի՞նչ ճանապարհներ կան Ադրբեջանին դատարանի առաջ կանգնեցնելու, եթե պետությունը չի բարձրացնում այդ հարցը։ Եվ արդյոք այն, որ ՀՀ այսօրվա իշխանությունները հրաժարվում են Արդբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնելուց, դա նշանակո՞ւմ է, որ այդ հարցում հետագայում հնարավոր չէ արդյունքի հասնել։
–Ոչ միայն Ադրբեջանին հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել, այլև Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել այն ժամանակ, երբ Հայաստանում կձևավորվի օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերը սպասարկելու ցանկություն, կարողություն, ունակություն և կամք ունեցող վարչակազմ:
Մինչ այդ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներն առանձին-առանձին, կամ կոլեկտիվ կարող են հայցեր ներկայացնել միջազգային դատարան, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի, սակայն դա չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը կարող էր ունենալ պետության՝ տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության անունից ներկայացվելու դեպքում:
-Եթե անդրադառնանք արցախցիների սեփականության հարցին, ինչպե՞ս պետք է վերականգնվի այս իրավունքը, արդյոք նախքան խորհրդային շրջանը եղած տոհմային ժառանգությունը եւ սեփականության իրավունքները կարո՞ղ են դեր խաղալ։
-Քանի որ նախորդ հարցի պատասխանի մեջ արդեն անդրադարձա արցախահայության սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությանը, այդ մասով կրկնությունից խուսափելու համար ձեռնպահ կմնամ կրկին անդրադառնալ հիշյալ հարցին:
Ինչ վերաբերում է ժառանգական իրավունքին, այդ համատեքստում սեփականության իրավունքի իրացման հնարավորության դիտարկմանը նախախորհրդային շրջանում, պետք է նշել, որ այդ հնարավորությունը խիստ նվազ է: Թեև Արցախի առանձին տոհմերի, մասնավորապես՝ Արցախի ամենահին իշխանական տոհմի՝ Հասան-Ջալալյանների վերաբերյալ կան ժառանգական իրավունքին վերաբերող փաստեր և փաստաթղթեր, սակայն դրանք այսօր չունեն իրավական ուժ, քանզի արդեն պատմական այդ փաստաթղթերն ընդունվել են միապետական կառավարման ձև ունեցող երկրների՝ սկզբում շահական Պարսկաստանի, իսկ 1813 թվականից ցարական Ռուսաստանի վարչակազմերի օրոք:
1917թ. ցարական Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով այնտեղ հաստատվել է հանրապետական կառավարման ձև: Իսկ հանրապետական կառավարման ձև ունեցող Ռուսաստանը չի ճանաչել միապետական Ռուսաստանի իրավահաջորդությունը:
Ժառանգական իրավունքին վերաբերվող փաստաթղթերը կարող են իրավական ուժ ստանալ, երբ Հայաստանում, իսկ դեօկուպացիայից հետո նաև Արցախում հանրապետական կառավարման ձևին փոխարինի միապետական կառավարման ձևը: Եվ ժառանգական իրավունքով ձևավորված իշխանությունը որոշում կայացնի իրավական ուժ տալ այդ փաստաթղթերին: