
2025 թվականի տարեվերջին 2024-ի տարեվերջի համեմատ Հայաստանի մարզերում անշարժ գույքի գներն աճել են։ Այս աճը հիմնականում պայմանավորված է արցախցների համար իրականացվող բնակապահովման ծրագրի գործոնով։ Այս մասին բազմիցս ասել են եւ ծրագրից օգտվել ցանկացող ացախցիները, եւ տարբեր գործիչներ։
Նախորդ տարվա հուլիսի 3-ին կառավարությունը փոփոխություն կատարեց բնակապահովման ծրագրում, ըստ որի՝ սահմանվեց 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ՝ 452-ի փոխարեն 611 բնակավայր։ Այսինքն՝ այս բնակավայրերում յուրաքանչյուր արցախցու 4 մլն դրամ է հատկացվում՝ անշարժ գույք ձեռք բերելու համար։ Եվ այս որոշման ընդունումից հետո հատկապես երեւանամերձ մարզերում, որտեղ տեղկայված են բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը, բնակարանների գները կտրուկ աճեցին։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ եթե 2024 թվականի տարեվերջին Արարատի մարզի Մասիս քաղաքում բնակարանների մեկ քմ շուկայական միջին արժեքը 230 200 դրամ էր, ապա 2025 թվականի տարեվերջին գինը հասել է 256 700 դրամի։ Վաղարշապատ համայնքում 2024-ին բնակարանների մեկ քմ շուկայական միջին գինը 270 100 դրամ էր, իսկ 2025-ի տարեվերջին՝ 325 606 դրամ, Աբովյան քաղաքում 2024-ի տարեվերջին 311 500 դրամ էր, իսկ 2025-ի տարեվերջին՝ 365 000 դրամ, Հրազդանում՝ 2024-ին մեկ քմ գինը 151 050 դրամ էր, իսկ 2025-ի տարեվերջին՝ 200 000 դրամ։
Նշենք, որ արցախցիները հիմնականում տեղակայված են երեւանամերձ Մասիս, Վաղարշապատ, Աբովյան, Հրազդան, Արարատ, Արմավիր եւ մյուս համայնքներում, քանի որ աշխատանք գտնելու խնդիր ունեն։ Սակայն երեւանամերձ համայնքներին զուգահեռ աճել են նաեւ հեռավոր մարզերի անշարժ գույքի գները։ Մասնավորապես, ավելի վաղ step1.am-ն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի հեռավոր համայնքներում եւս անշարժ գույքի գները թանկացել են այն բանից հետո, երբ ընդունվել է կառավարության վերոնշյալ որոշումը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Վարդենիսում 2024-ի տարեվերջին բնակարանների մեկ քմ միջին գինը 70 000 դրամ էր, իսկ 2025 թվականի տարվերջին դարձել է 85 100 դրամ, Մարտունիում 2024-ի տարեվերջին 135 000 դրամ էր, իսկ 2025-ի տարեվերջին՝ 156 000 դրամ, Սեւանում՝ 2024-ին 160 100 դրամ, իսկ 2025-ի տարեվերջին՝ 210 000 դրամ։ Շիրակի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում նույնպես անշարժ գույքի գները թանկացել են մեկ տարվա կտրվածքով։
Մարզերին զուգահեռ անշարժ գույքի գները թանկացել են նաեւ Երեւանի բոլոր վարչական շրջաններում, չնայած արցախցիների մեծ մասն իրենց հատկացված հավաստագրի գումարի շրջանակներում Երեւանում չեն էլ բնակարաններ գնել։