
Սիրիայի Հալեպ քաղաքում արդեն երկրորդ օրն է, ինչ մոլեգնում են կենտրոնական կառավարության բանակի և քրդական ուժերի միջև մարտերը: Հալեպը հայերի ավանդական բնակավայր է, և տեղական լրատվամիջոցները ներկայումս փորձում են հավաստի տեղեկատվություն տրամադրել հայ համայնքի իրավիճակի մասին։
Բերիո հայոց թեմի մամուլի քարտուղար Մարիա Գաբրիելյանի խոսքով՝ Հալեպում անցումային կառավարության զորքերի և քրդական ուժերի միջև բախումների հետևանքով վնասվել են մի քանի հայերի տներ։
Նրա խոսքով՝ քրդաբնակ տարածքներից խաղաղ բնակիչների տարհանումը շարունակվում է։
«Հայ համայնքի անդամների շրջանում զոհեր չկան, սակայն նրանք նյութական վնասներ են կրել։ Մասնավորապես, վնասվել են մի քանի տներ», – նշել է Գաբրիելյանը։
Համայնքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պատրաստ է ապաստան տրամադրել այն հայ ընտանիքներին, որոնց վիճակը վտանգավոր է։ Սա հատկապես վերաբերում է քրդաբնակ տարածքներում գտնվող տներին։ Գործում է նաև թեժ գիծ։
Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ հյուպատոսական հարցումների համար կարելի է զանգահարել +963 964 422 005 և +963 942 000 690 հեռախոսահամարներով։
Հայ քրիստոնյաները մեկ տարի ապրել են զգուշավոր սպասման մեջ։ Հայերը դեռևս չեն ստացել իրենց տները լքելու կոչեր։
Իշխանությունները հայտարարել են Հալեպի օդանավակայանում գործողությունների դադարեցման մասին, և քաղաքում դպրոցները, համալսարանները և կառավարական գրասենյակները նույնպես փակվել են։
Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) վերահսկում են երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան մեծ տարածքներ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ։
Դամասկոսում ինքնավար քրդական վարչակազմի խոսնակ Աբդուլ Քարիմ Օմարը AFP-ին ասել է, որ Հալեպի քրդական տարածքները «լիակատար պաշարման մեջ են»։
Նա հերքեց այն պնդումները, որ այդ տարածքներից կրակոցներ են եղել՝ ընդգծելով, որ դրանք վերահսկվում են քրդական անվտանգության ուժերի կողմից, «որոնք ունեն միայն թեթև զենքեր»։
Տեղացի դիտորդները նշում են, որ Թուրքիան կարող է կրկին միջամտել Դամասկոսի և քրդերի միջև ձգձգված դիմակայությանը, հայտնում է ВВС-ն։
Անցյալ տարի Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Թուրքիան սերտ կապեր հաստատեց Դամասկոսի նոր կառավարության հետ և այժմ Սիրիայի հիմնական դաշնակիցներից մեկն է։
Թուրքիան իր սահմանին ուժեղ քրդական զինված խմբավորումների առկայությունը համարում է սպառնալիք և սիրիական պատերազմի ընթացքում մի քանի հարձակումներ է սկսել սահմանային տարածքներում՝ SDF-ին հետ մղելու համար։