Առանց կանոնների աշխարհը կարող է ուժեղին վերածել «սեղանի վրա դրված ուտեստի»

  • 09:57 08.01.2026

Աշխարհի առաջնորդները, որոնց հավակնությունները սահմանափակվում էին միջազգային իրավունքով, ուրախ շփում են ձեռքերը և հայտարարում, որ այլևս կանոններ չկան, որ աշխարհն այժմ գործում է ուժի սկզբունքով, և յուրաքանչյուրը կարող է վերցնել այնքան, որքան ուզում է։

Մադուրոյի առևանգումից և Վենեսուելայի «գրավումից» հետո Ալիևը առաջիններից մեկն էր, որ խոսեց «ուժի իրավունքի» մասին՝ կրկին հիշելով «Զանգեզուրի միջանցքը»։ Նա վկայակոչեց «Թրամփի ճանապարհը», և չնայած պնդում էր, որ այն, իբր, կանխում է «հայկական ագրեսիան», իրականում խոստովանեց, որ «Թրամփի ճանապարհը» խանգարում է հենց Ալիևին գրավել միջանցքը և ոչնչացնել Հայաստանը։ Այսինքն՝ ուժին էլ պատնեշներ կան։

Էրդողանը, որն իր սիրիացի պրոքսիների միջոցով նոր գործողություն է սկսել Հալեպում և մտել Իսրայելի հետ Մերձավոր Արևելքի «բաժանման» գործընթաց, նույնպես հայտարարեց, որ այժմ գործում է ուժի օրենքը, բայց զգուշացրեց համը չհանել։

Հունվարի 7-ին Էրդողանը հայտարարեց, որ միջազգային իրավիճակը գնալով լարվում է, և Արևմուտքը կորցնում է իր նախկին ազդեցության գործիքները։

«Մենք հայտնվել ենք ռեսուրսների համար դաժան պայքարի կենտրոնում, որտեղ նրանք, ովքեր չեն մասնակցում բանակցություններին, դառնում են «սեղանին դրված ուտեստ», – հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։

«Ուտեստ» ասելով՝ Էրդողանը նկատի ուներ ոչ միայն Սիրիան, Հայաստանը և Հունաստանը, այլև Իրանը, որն այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է։ Ալիևի և Էրդողանի «գինը» կորոշվի իրանական «գործողությանը» նրանց մասնակցությամբ։ Սակայն ուժի իշխանության աշխարհում ռիսկերը չափազանց մեծ են. միշտ կարող է ի հայտ գալ ավելի ուժեղ ուժ, իսկ միջազգային իրավունքը կարող է ազատվել բալաստից և դառնալ ամենակարող ուժ։

Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31-ից։ ԱՄՆ-ի դուրս գալը այս կազմակերպություններից, որոնցից շատերը կախված են ամերիկյան սուբսիդիաներից, նշանավորում է բյուրոկրատիայի լիակատար քայքայման սկիզբը, որը խեղդում է միջազգային իրավական համակարգը։ Հարցն այն է, թե ով և երբ կհաստատի նոր «միջազգային իրավունք»։

Ակունին Չխարտիշվիլին գրում է, որ դիտել է Թրամփի ամենամոտ օգնական Սթիվեն Միլլերի հետ հարցազրույցը։ «Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանգիստ հայտարարեց, որ Գրենլանդիան պատկանում է Միացյալ Նահանգներին, և ոչ ոք չի կարող կանխել դրա բռնակցումը։ Այնուհետև նա շարունակեց ասելով հետևյալը. «Մենք ապրում ենք մի աշխարհում, իրական աշխարհում… որը կառավարվում է ուժով, որը կառավարվում է հզորությամբ, իշխանությամբ։ Սրանք աշխարհի երկաթե օրենքներն են ժամանակների սկզբից ի վեր»»։

Ոչ մի երկիր, առավել ևս՝ Հայաստանը, չի կարող ապրել այս պայմաններում՝ հին չափանիշներով, երբ միջազգային իրավունքը ընկալվում էր որպես երաշխիք։ Նման տուրբուլենտ պայմաններում սակայն իշխանությունը կարող է հեշտությամբ սահել կոշտ ճգնաժամային կառավարումից դեպի ավտոկրատական ​​”բեսպրեդել”, որը կկործանի երկիրը։