Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի, մինչդեռ “բարենորոգման” խորհրդի անդրանիկ նիստ է կայացել

  • 10:05 08.01.2026

Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։

Դանիելյանը հիշեցրել է, որ Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված է եղել պարբերաբար հետաձգել նման միջոցառումները համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։

Ազգային եկեղեցական ժողովը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցը։ Ազգային եկեղեցական ժողովի նիստը հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ազգային եկեղեցական ժողովն է ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի, դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ, ընդունում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները, սահմանում է եկեղեցական կառույցների կարգավիճակը` հոգևոր իշխանության, պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերությունների սահմաններն ու կարգը, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը։

Մինչ այսօր Գարեգին Բ-ն խոսում է եկեղեցու անսասան լինելու մասին, չպատրաստվելով հրաժարական տա։

Մինչդեռ երեկ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Բարենորոգման» խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ խորհրդի կազմում են 10 եպիսկոպոսներ և ինքը Փաշինյանը։