Հավաստագրով տուն ենք ձեռք բերել, ընկել վարկային պարտավորությունների մեջ

  • 10:22 08.01.2026

Լիդա Գաբրիելյանն Արցախում ապրում էր 1-ին խմբի հաշմանդամ մոր հետ։ Նա նույնպես հաշմանդամություն ունի՝ 3-րդ խմբի։ Տեղահանությունից հետո հաստատվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Մի քանի ամիս առաջ հավաստագրով ձեռք են բերել 1 սենյականոց բնակարան։

-Արցախից միանգամից մեկնել ենք ՌԴ Ստավրոպոլի երկրամաս, որտեղ ապրում են իմ երկու քույրերը, սակայն մի քանի ամիս հետո վերադարձել ենք, քանի որ չենք կարողացել հարմարվել այնտեղ։ Ռուսաստանից եկել ենք Հրազդան ու բնակարան վարձակալել։ Այս քաղաքին ծանոթ էի։

Հետագայում, երբ կառավարության կողմից որոշվեց, որ Հրազդանը նույնպես մտնում է 4 մլն դրամանոց գոտու մեջ, որոշեցինք հենց այստեղ էլ բնակարան ձեռք բերել։ Ինչքա՞ն կարող էինք վարձավճարով ապրել, երկուսս էլ հաշմանդամ։ Հիվանդությունից հետո մայրս բոլորովին չի շարժվում, առանց իմ օգնության մի քայլ անգամ չի կատարում։

Հավաստագրով, իհարկե, չկարողացանք համարժեք տուն գտնել, քանի որ տների գները հանկարծակի աճեցին։ Որպեսզի անտուն չմնանք, ստիպված էինք ոսկու գրավադրմամբ վարկ վերցնել, միաժամանակ մեր բոլոր խնայողությունները ավելացրինք հավաստագրի գումարին։

Կարելի է ասել, մեզ համար բան չի փոխվել, քանի որ ամեն ամիս վարկ ենք փակում, միայն գիտենք, որ տուն ունենք արդեն։

Մեր ընտանիքը հրատապ աջակցություն չի ստանում։ Մայրս, որպես թոշակառու, ստանում է բնակվարձի համար նախատեսված 30 հազար դրամ աջակցությունը։ Թոշակներով ապրում ենք, բոլոր կենցաղային ծախսերը հոգում, միաժամանակ վարկը մարում։

Տաք եղանակներին աշխատում էի Հրազդանի խանութներից մեկում, սակայն ձմեռվա նախաշեմին ազատվեցի աշխատանքից՝ հիվանդությանս սրացման պատճառով։ Բայց գարնանը կրկին կվերադառնամ աշխատանքի, քանի որ առանց դրա անհնար է։

Իհարկե, շատ դժվարությունների ենք հանդիպում։ Մեր տունը 4-րդ հարկում է, և մեծ խնդիր է մորս տանել որևէ փաստաթուղթ ստորագրելու համար։ Պատկան մարմինները պահանջում են անձամբ ներկայանալ։ Մինչև հունվարի 20-ը նա պետք է ներկայանա բանկ, որպեսզի թոշակի քարտ ստանալու համար ստորագրություն թողնի, սակայն չգիտեմ, ինչպես եմ նրան տանելու։ Ինչքան էլ խնդրում եմ, բանկից չեն գալիս, որ հաշմանդամ մայրս տանը կատարի իր պարտականությունը։ Ստիպված եմ ներկայանալ միասնական սոցիալական ծառայություն, գուցե հնարավոր լինի ընդառաջել մեզ։

Բնակարան ձեռք բերելուց հետո մայրիկիս տրվող 30 հազար դրամ աջակցությունը դադարեցվել է, սակայն դիմում ներկայացնելուց հետո կրկին վերակագնվել։ Կարծում եմ՝ այդ աջակցությունը անհրաժեշտ է բոլորին՝ և՛ տուն ունեցող, և՛ դեռևս տուն չունեցող տեղահանված արցախցիներին։

Գիտեմ, որ մեծամասնությունը, ով հավաստագրով բնակարան է ձեռք բերել, խրված է վարկային պարտքերի մեջ, և պետության կողմից ցանկացած աջակցություն խիստ անհրաժեշտ է բոլորին, – ասում է Լիդան, ապա ավելացնում, – կարոտի ցավն ամենածանրն է, անտանելին։ Չեմ հասկանում, թե ինչպես ենք ապրում առանց Արցախի։ Հիշողություններն ու հետվերադարձի հույսն է ապրեցնում մեզ։

Արցախում Գաբրիելյանները թողել են երկհարկանի սեփական տուն՝ տնամերձ հողամասով, պտղատու այգիներով։ Հողի հետ աշխատող մարդիկ էին, ստեղծող ու բարիք արարող։ Արցախ վերադարձի հույսը չեն կտրում, ապրում են հավատով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ