Փաշինյանը խուսափեց պատասխանել Կանաչ ժամի վերաբերյալ բողոքի մասին հարցին

  • 16:03 08.01.2026

«Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերը պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման եւ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա։ Եվ մենք բոլոր հարցերը դիտարկում ենք էս տրամաբանությամբ եւ էս առաջնահերթությամբ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ Արցախի տարածքում Արդբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, ինքը հայտարարել է, թե «փրկում» է Հայ Առաքելական եկեղեցին, այդ դեպքում չի պատրաստվո՞ւմ նաեւ Ադրբեջանի գործողություններից փրկել եկեղեցու սեփականությունը։

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու կողմից միջազգային դատարան ներկայացրած հարցին, որը վերաբերում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը եւ հարցին՝ արդյոք իր վեճը վեհափառի հետ հենց այս հայցերի շուրջ է, եւ ի՞նչ քայլերի կդիմի, եթե Հայ Առաքելական եկեղեցին հայցերը հետ չվերցնի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ միջպետական հայցադիմումների հետ կապված որեւէ մեկնաբանություն չունի։

«Դուք գիտեք, որ խաղաղության համաձայնագրում կա կարգավորում միջպետական հայցերի վերաբերյալ, այդ կարգավորումներն ուժի մեջ կմտնեն ստորագրումից եւ վավերացումից հետո»։

Հարցին, թե իրականում իր վեճը կաթողիկոսի հետ ա՞յն է, որ ինքը միջազգային դատարաններից ընդդեմ Ադրբեջանի հայցերը ցանկանում է հետ վերցնել, իսկ ՀԱԵ-ն հայցեր է ներկայացնում հայկական եկեղեցիների ավերման փաստով, նա պատասխանեց․ «Իմ վեճը կաթողիկոսի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել եմ։ Ես թաքուն վեճեր չունեմ, վեճի ամբողջ իմաստն այն է, որ այդ վեճը՝ բանավեճը հրապարակային է»։