
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցի քննությունն ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների եւ ԿԳՄՍ նախարարության այսօր ավարտվել է։ Դատարանն այս գործով պետք է առաջիկայում որոշում կայացնի։
Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Սամվել Շահրամանյանի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների եւ ԿԳՄՍ նախարարության՝ պահանջելով հերքել գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես, դասագրքում տեղ է գտել այն միտքը, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր»։
Այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանն ասաց․ «Վերստին հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության իրավական համակարգում գոյություն չունի որեւէ իրավական ակտ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը լուծարված է»։
Ըստ նրա՝ դասագրքում տեղ գտած ձեւակերպումները արատավորում են Արցախի նախագահի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը․ «Դասագրքում տեղ գտած ձեւակերպումներից ստացվում է, որ քանի որ Արցախի Հանրապետության նախագահն իբրեւ թե կայացրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, դրա հետեւանքով Արցախի ողջ բնակչությունը տարհանվեց եւ բռնի տեղահանվեց Արցախի Հանրապետությունից։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ ու ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության բռնի տեղահանումն ամենեւին կապված չէ նման բովանդակությամբ հայտարարության հետ»։
Միաժամանակ նա ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով չեն կարող Արցախի պետական ինստիտուտները լուծարվել, դրա վկայություն այն է, որ Արցախի Ազգային ժողովը գործում է եւ նոր նախագահ ընտրեց Աշոտ Դանիելյանին, որը, Արցախի Սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն, ստանձնել է նաեւ Արցախի նախագահի պարտականությունները։
«Ադրբեջանի կողմից ի սկզբանե Արցախի Հանրապետության նախագահի առաջ պահանջ էր դրվել հրավիրել ԱԺ նիստ եւ ընդունել հռչակագիր՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ, ինչից Շահրամանյանը խուսափել է»,- հավելեց Երիցյանը։