Արցախցիների անձնագրերում էլ գրված է “Հայաստանի Հանրապետություն”, ո՞րն է տարբերությունը

  • 13:11 09.01.2026

Արցախցի լրագրողն այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին ցույց տվեց Արցախից բռնի տեղահանված անձի անձնագիր․ «Սա Արցախցի բռնի տեղահանված անձի անձնագիր է, որի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն։ Իսկ սա մյուս անձնագիրն է, որի վրա նույնպես գրված է Հայաստանի Հանրապետություն։ Երբ ուսումնասիրում ենք, այս երկու անձնագրերի միջեւ որեւէ տարբերություն չկա։ Ինչո՞ւ է այդ պահանջը ներկայացվում Արցխից բռնի տեղահանված քաղաքացիներին, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ստանան, դուք ի՞նչ տարբերություններ եք տեսել այս երկու անձնագրերի միջեւ»։

Արսեն Թորոսյանն ասաց, որ խոսքը ոչ թե անձնագիր փոխելու մասին է, այլ քաղաքացիություն ստանալու։ «Մեր հայրենակիցները, նրանց այն հատվածը, որը դեռ չի ստացել ՀՀ քաղաքացիություն, ՀՀ քաղաքացի չի համարվում։ Եվ ՀՀ անձնագրերն ըստ էության եղել են ճամփորդական փաստաթղթեր՝ հատուկ կոդով, որպեսզի մեր հայրենակիցներն ունենան շարժունակության հնարավորություն թե ՀՀ-ում, թե արտերկիր գնալու համար։ Բայց նրանք երբեք չեն հանդիսացել ՀՀ քաղաքացի։ Բովանդակության իմաստով այդ մարդիկ պետք է դառնան ՀՀ քաղաքացիներ, որովհետեւ եթե այդ մարդիկ իրենց ապագան պատկերացնում են ՀՀ հետ, իսկ մենք ուզում ենք, որ իրենք պատկերացնեն իրենց ապագան մեզ հետ, Հայաստանի Հանրապետության հետ, ապա դրա միակ ձեւը քաղաքացիություն ստանալն է։ Եվ այդ պահանջը երբեք չի փոխվելու»,- նշեց Թորոսյանը։

Հարցին՝ եթե անձն ունի ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի չի համարվո՞ւմ, Թորոսյանը խուսափեց պատասխանել․ «Դուք շատ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, ես էլ արդեն պատասխանեցի ձեր հարցին»։