Կորուսյալ սերունդները հայելիների միջև. նա, ով տեսել է պատերազմն Արցախում…

  • 19:58 09.01.2026

Երկու ու կես տարի է անցել Արցախից լիակատար օկուպացիայից և տեղահանությունից, բայց 120,000 մարդ դեռևս շարունակում է ապրել կիսաիրականության մեջ, կարծես ծուռ հայելիների միջև, որտեղ մեկ հայելին արտացոլում է քո իրական անցյալը, արյունն ու մարմինը, մինչդեռ մյուսները՝ կարծես քո արտացոլանքը, բայց ուրիշ բովանդակությամբ և ջնջված կենսագրությամբ։

Երկու ու կես տարի շարունակ արցախցիները չեն կարողանում հասկանալ, թե ովքեր են իրենք. հիշողության բեկորները վերադարձնում են այն ժամանակների պատկերները, երբ նրանք ապրում էին իրենց սեփական տներում, երբ երեխաները դպրոց էին գնում, երբ կար լուրջ բանակ, նաև նախագահ, խորհրդարան, կառավարություն, երբ տրամադրվում էին սեփականության վկայականներ և դիպլոմներ։ Հետո, հանկարծ, պարզվեց, որ այս ամենը խիմերա էր, ուրվական, քանի որ նույնիսկ Հայաստանում, 2023 թվականի սեպտեմբերից հետո, կապույտ հայկական անձնագրեր ունեցող արցախցիներին անվանում են ոչ այլ ինչ, քան «տեղահանված անձինք»։

Ոչ միայն վառոդի տակառի վրա անցկացրած 35 տարվա կյանքն է ջնջվել, այլև պատերազմներին մասնակցությունը, ավերածությունները և զրկանքները։ Հերոսներին այլևս հերոսներ չեն անվանում, նրանց դիմանկարները տարբեր պատրվակներով հեռացվում են դպրոցների պատերից, իսկ 1991 թվականից հետո սովորեցվածը մոռացության է մատնվում։ Կարծես ոչինչ չի եղել։

Արցախյան միջհայելային աշխարհում հնագետներին զգուշացնում են չօգտագործել «Արցախ» բառը «Արցախի մշակութային ժառանգության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում։

Միջհայելային աշխարհը՝ կորած սերունդների աշխարհ է. դժվար թե գտնեն իրենց “նոր” «ես»-ը նրանք, ովքեր անցել են մեկ իրականությունից մյուսը, ովքեր հիշում են շրջափակումը, պատերազմը, խաղաղապահների գնդացիրները Շուշիի պոստում, Հայկազովի պայթյունը, գերի վերցված արցախյան առաջնորդները, ապա՝ Գորիսը, Հայաստանի կառավարության հրաժարումը Արցախից, անձնագրերի, կենսաթոշակների, փաստաթղթերի և վկայականների հետ կապված թղթաբանությունը։

Սրա հետ մեկտեղ մեղադրանքներ՝ «Եթե ղարաբաղցիները չլինեին, Հայաստանը կլիներ բարգավաճ անկախ պետություն», «ղարաբաղյան կլանը ամեն ինչ վաճառեց Ռուսաստանին», «ղարաբաղցիները չկռվեցին և փախան»։

Մի հայելու մեջ Արսեն Թորոսյանն ասում է. «Ղարաբաղի բնակիչները չեն ցանկանում քաղաքացիություն ստանալ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»։ Մեկ այլ հայելու մեջ նրա ղեկավարը՝ Փաշինյանն, ասում է. «Ղարաբաղցիները ներկայումս մեծամասնություն են կազմում հայկական բանակի հրամանատարությունում»։

Հայ պաշտոնյաներն ասում են, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ չեն՝ առանց այդ պնդման որևէ իրավական ապացույց ներկայացնելու, չպատասխանելով պարզ հարցին, թե որն է մեկ կապույտ անձնագիրը մյուսով փոխարինելու իմաստը։ Դուք լավ գիտեք դրա պատասխանն, ասում են պաշտոնյաները և փոխում հայացքը։