
Հարցազրույց արցախցի երիտասարդ բանաստեղծուհի Լուսինե Ներսիսյանի հետ.
-Կպատմե՞ք Ձեր մասին։
-Ծնվել ու մեծացել եմ Արցախում՝ մի հողում, որտեղ յուրաքանչյուր օրը կապված էր մարդկանց աշխատանքով, պայքարով, ու հանդուրժողականությամբ։ Այնտեղ եմ սովորել, ապրել, ընտանիք կազմել և ստեղծել իմ ներաշխարհը՝ իմ սեփական աշխարհը։ Արցախը ինձ համար երբե’ք պարզապես բնակավայր չէր, դա իմ լեզուն էր, իմ մտածողությունը, ներսի լռությունն ու խոսքը։
Կյանքը միշտ իմ համար եղել է ստեղծելու, զգալու, աշխատելու ընթացք։ Ես բանաստեղծուհի եմ։ Տարիների ընթացքում գրել եմ ավելի քան 800 բանաստեղծություններ։ Գրելը եղել է իմ ինքնարտահայտման ձևը՝ ոչ ցուցադրական, այլ ներքին աշխարհիս արտացոլումը։ Բառը եղել է իմ ապրելու միջոցը՝ իմ ցավն ու ուրախությունը, կորուստն ու կարոտը, հույսն ու պայքարը սրտիս մեջ պահելու ձևը։
– 2020 թվականի պատերազմը և հետպատերազմյան շրջանը Ձեր կյանքում:
-2020 թվականի պատերազմը կտրուկ փոխեց մեր կյանքը։ Այն, ինչ թվում էր կայուն, սոսկ մեկ պահի դարձավ անորոշ ու խոցելի։ Այդ պատերազմը մեզ ստիպեց զգալ, որ կյանքը երբեք վերջնական չի լինում, որ պետք է սովորենք հարմարվել անընդհատ փոփոխվող իրականությանը։
Հետպատերազմյան շրջանը, շրջափակումը, ամենօրյա դժվարությունները մեզ փորձության առաջ կանգնեցրին։ Այդ ամիսների ընթացքում մարդիկ սովորեցին դիմանալ, ոչ միայն նյութական դժվարություններին, այլ նաև անընդմեջ հուզական լարվածությանը։ Կյանքը դանդաղեց, բայց կանգ չառավ, և այդ ժամանակ ես ավելի խոր զգացի, թե ինչ է նշանակում հայրենիք ունենալ, ո’չ միայն որպես տարածք, այլ որպես պարտավորություն ու առաքելություն։
-2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած չարաբաստիկ պայթյունը, ցավոք, չի շրջանցել նաև Ձեր ընտանիքին:
-Սեպտեմբերի 25-ը մնաց իմ կյանքի ամենածանր էջերից մեկը։ Այդ օրը տեղի ունեցած պայթյունը խլեց հարյուրավոր կյանքեր։ Այդ պայթյունի հետևանքով ես կորցրեցի ամուսնուս։
Նա մարդու մի տեսակ էր, ով լուռ ուժ ուներ, ընտանիքի հենասյուն, համեստ, բարի ու աշխատասեր։ Ստացած վնասվածքներից հետո մի քանի օր պայքարեց կյանքի համար և մահացավ հիվանդանոցում։ Այդ մասին խոսելիս բառերը պակասում են։ Կորուստները, ցավը, կարոտը չեն լռում, այլ մնում են իմ ներսում՝ որպես մշտական ներկայություն։ Կարոտը ինձ հետ է ամենուր՝ քայլերիս, խոսքերիս, իմ ստեղծագործությունների մեջ։
Մինչև այսօր պայթյունից տուժած ընտանիքներին որևէ հստակ կարգավիճակ սահմանված չէ։ Ես սա նշում եմ միայն որպես փաստ՝ առանց մեկնաբանության։ Այս ցավը չեմ ուզում դարձնել առարկա կամ որևէ բան ապացուցելու միջոց, այն իմ ներսում է, իմ կենսագրության մի անքակտելի մասը։
–Տեղահանությունից հետո արցախցիներին նոր կյանք է վիճակվել։ Ինչպե՞ս է հաջողվում չկոտրվել։
-Տեղահանությունից հետո կյանքը սկսվեց նոր էջից՝ առանց նախորդ շարունակականության։ Մենք այժմ ապրում ենք Հայաստանում։ Ամեն օր փորձում եմ հարմարվել նոր իրականությանը, պահպանելով իմ ներքին ուժը և արժանապատվությունը։
Ցավն ու կորուստը մշտապես ներկա են, բայց դրանք իմ ներսում են։ Ես ընտրել եմ չկոտրվել, որովհետև կոտրվելը կնշանակեր հրաժարվել իմ արմատներից, իմ հիշողություններից և իմ կյանքի իմաստից։ Համենայնդեպս, ես ապրում եմ, որովհետև ապրելու միջից է գալիս ուժը, մտածելու կարողությունը և մարդ մնալու ձգտումը։
–Կխոսե՞ք ապագայի ծրագրերի մասին։
-Այս օրերին շարունակում եմ գրել։ Մասնավորապես, վերջին տարիների ծանր փորձությունները, կորուստը և կարոտը ներշնչում են ինձ՝ արտահայտելու ամենայն զգացմունքները բառերի մեջ։
Հետագայում ծրագրում եմ տպագրել գիրք՝ իմ ապրածի, հիշողության և ներսում մնացած խոսքի վկայությունը։ Այդ գիրքը չի լինելու աղմուկի կամ գնահատականների համար, այն կլինի իմ ապրածի, իմ հոգու վկայությունը, իմ ներսի ճիչը և լռությունը միաժամանակ։ Գրելը ինձ համար ո’չ միայն ստեղծագործություն է, այլ նաև` ապրելու ձև, սեփական ինքնության պահպանում, ուժ գտնելու միջոց։
– Ձեր խոսքն արցախցիներին։
-Ես հավատում եմ, որ հայրենասիրությունը բառերով չի արտահայտվում, այն ապրում ես, պահում ես ու կրում։ Մեր կորուստները կարող են ցավեցնել, բայց մենք դեռ ունենք հիշողությունը, լեզուն, մտածելու և ստեղծելու կարողությունը։
Կարոտը, կորուստը, ցավը կարող են դառնալ ոչ թե կոտրող, այլ ձևավորող։ Հիմնականը պահպանել արժանապատվությունը, ուժը, հավատն ու մարդ մնալու կարողությունը։ Մենք շատ բան ենք կորցրել, բայց դեռ շարունակում ենք ապրել, ստեղծագործել, հիշել և պահպանել մեր ներքին աշխարհը։
Անգամ ամենամութ օրերին ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, որովհետև գիտեմ՝ ուժեղ տեսակը, հայրենասիրությունը չեն սպառվում մեր միջից, դրանք աճում են, երբ մարդը դիմադրում է դժվարությանը և ապրում է արժանապատվությամբ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ