36 տարի առաջ Բաքվում հայերի ջարդ էր տեղի ունենում. Կրեմլը բացառապես ծառայել է թրքությանը

  • 20:56 11.01.2026

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվի ջարդերին։ 36 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդ էր տեղի ունենում։ Այսօր ՀՀ իշխանությունները չեն խոսում Ադրեբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքվով բռնի տեղահանված հայերի մարդկային կորուստների, նյութական ու բարոյական վնասների մասին, փոխարենը Ադրբեջանի իշխանություններն են նկրտումներ ներկայացնում ՀՀ նկատմամբ՝ առաջ քաշելով այսպես կոչված «արեւմտյան ադրբեջան» թեզը։

Մարիամ Ավագյանի խոսքով՝ 36 տարի առաջ հունվարի այս օրերին Բաքվում հայեր էին մորթում։ Ինչպես այդ օրերին ՊԱԿ-ի ղեկավար Վագիֆ Հուսեյնովն է վկայել, բանդիտ-ջարդարարների շուրջ 40 խմբեր՝ 50-300 հոգանոց, ստանում էին հանձնարարություն ու մղվում հայասպանության։ Երբեմնի հայկական Բաքուն վերածվել էր հայերի սպանդանոցի։ Դա խորհրդային Բաքվում էր, երբ հայությունը իսպառ զրկված էր համայնքային ինքնապաշտպանական հնարավորություններից, մատնված էր խորհրդային մեծապետական ու հակահայ վերաբերմունքին ու հայտնվել էր գենոցիդի ճիրաններում։ Հայության սպանդի մի վերջին հարվածն էր հայակերտ Բաքվում։ Հայեր կային, որոնք Բաքվում ցեղասպանություն վերապրում էին երկրորդ անգամ, երբ 1918 թվականի սեպտեմբերին փրկվել էին ու կրկին վերադարձել։ Հայկական Բաքուն կրկին անպաշտպան էր։ Լևոն Ադյանը ամեն անգամ հիշեցնում էր, որ 1918 թվականի սեպտեմբերի 15-17-ը Բաքվում շուրջ 30 հազար զինված հայ է սպանվել։ Իսկ 1990 թվականի հունվարի 13-19-ին  քանի՞ անզեն հայ են ոչնչացրել, երբ արգելված էր պաշտպանել Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացուն, քանի որ նա հայ էր։

«1990 թվականի հունվարի հայկական ջարդերը Բաքվում սկսվել էին դեռևս 1988 թվականի գարնանը՝ սումգայիթյան ցեղասպանությունից հետո, երբ քաղաքի մետրոյում կամ որևէ փողոցում մորթում էին ազգությամբ հայի, որոնք, իհարկե, արտաքինով ու իրենց կեցվածքով խիստ տարբեր էին Բաքվում հայտնված թրքական տարրից։ 1989 թվականի դեկտեմբերից հարձակումները հայության վրա դարձան ավելի կանոնավոր ու մասշտաբային, իսկ 1990 թվականի հունվարի 13-ից հայասպան գործողությունների պլանները կազմվում էին միտինգների ժամանակ, տրվում էր հրահանգը ու բանդիտների խմբերը ցրվում էին գործողության, ու այսպես մինչև հունվարի 19-ը, երբ արդեն հակահայ տրամադրությունները ակնհայտորեն վերածվեցին հակառուս և հակասովետ տրամադրությունների, դե էլ հայ չէր մնացել, ի՞նչ հակահայություն։ Իսկ ցեղասպան ոհմակը, ինչպես իրենք էլ վկայում էին, երբ արյան հոտ էր առել, էլ կանգ առնելը, համարյա թե, դրա համար անհնար էր։ 2017 թվականին Այազ Մութալիբովը իր հարցազրույցում ասել է, որ Սումգայիթում բացահայտվեց, թե հայությունը ինչ վայրագի հետ է համատեղ ապրել նույն քաղաքային համայնքում, Բաքուն դա բացահայտում էր երրորդ անգամ՝ նույն 20-րդ դարում։ Հիշենք, որ «պերեստրոյկա»-«գլասնոստը» աշխարհաքաղաքական անկայունություն մտցրին խորհրդային իմպերիա, իսկ դա գենոցիդի իրականացման պարարտ պայման է»,- նշեց Մարիամ Ավագյանը։

Նրա խոսքով՝ խորհրդային ողջ ընթացքում Կրեմլը բացառապես ծառայել է թրքությանը։ Վլադիմիր Աղայանը մի հանդիպման ժամանակ հուզված պատմում էր, որ թուրքի ցանկացած հակահայ քմահաճույք Կրեմլը իրողություն էր դարձնում, և անկասկած՝ հայության շահերի հաշվին։ Ու այդպես «քողարկված»՝ Բաքվի խորհրդային ռեժիմը, Կրեմլի հովանավորությամբ, հայությանը տնահան է արել թե Նախիջևանից, թե Գարդմանից, թե Բանանցից, թե Վարդաշենից։

Խորհրդային իմպերիայի փլզման աշխարհաքաղաքական անկայունությունը խթանեց ու ակտիվացրեց ցեղասպան քոչվորի բնազդները՝ հայությանը իր տնից քշելու, նրա ունեցվածքին տիրանալու համար։ Հայության կենսատարածքի վերջնական հայաթափման ծրագիրը սկսեցին իրողություն դարձնել Սումգայիթում, որտեղ հայությունը ընդհանրապես ցաքուցրիվ էր ապրում, ապա և մի տոտալ հայաթափման ալիք սկսեցին 1988 թվականի նոյեմբերի վերջերին ու հայաթափեցին Գարդման-Ուտիքը, Կուրի ձախ և աջ ափերը, Նախիջևանը, ու արդեն 1989-ի դեկտեմբերից ակտիվ գործողություններ տարան Բաքվում։ Սրանով չեն բավարարվի, ցեղասպանությունը կմտցնեն Գետաշեն, Շահումյան, Խոջալու, Մարաղա, հույսով, որ արյան մեջ այնուհետև կխեղդեն ԼՂԻՄ-ը։

Թրքացած Բաքուն կարողացավ խորհրդային իմպերիան ծառայեցնել իր նպատակին՝ բնաջնջելով քշել հայությանը նրա կենսատարածքից։ Ինչպես 1915 թվականին էր անհնար դիմակայել ցեղասպան պետական ապարատին Օսմանյան կայսրությունում, նույնքան էլ անհնար էր դիմակայել խորհրդային կայսրությանը։ Բաքվի հայության ցեղասպանությունը 1990 թվականին կրկին ապացուցեց, որ հայությունը վտանգված է ցանկացած իմպերիայի սահմաններում, լինի դա ցարական՝ 1905-1906, թե խորհրդային՝ 1988-1992 թվականներ։

«Այսօր էլ հայությունը վտանգված է իր կենսատարածքի՝ Կուր-Արաքսյան միջագետքի վերջին բեկորի վրա։ Թրքական ծրագիրը չի կասեցվել, ընթացքի մեջ է ու արդեն առաջ է տանում «արևմտյան ադրբեջան» թեզը, որն ակնհայտորեն միտված է Հայկական պետականության վերացմանը։ Ու չկա դիմադություն ՝ որպես պետական քաղաքականություն։ Աշխարհի առաջ Բաքվի ցեղասպան, օկուպացիոն ռեժիմը ակտիվ զինվում է, իսկ Հայաստանը կրճատում է զենքի վրա ծախսը։ Բաքուն ամեն ակնթարթ, անդադար, արդեն առնվազն կես դար ստում ու կեղծում է պատմական իրողությունները, իսկ հայկական քաղաքական, պետական վերնախավը, պատմագիտական, ազգագրական, ցեղասպանագիտական շերտը նույնիսկ արդեն 1988 թվականից ծախու հոգեբանությամբ մի կողմ դրեց հայության հետ կատարված հակամարդ իրողությունների փաստը թե Սումգայիթում, թե Գանձակում և Գարդմանքում, Բաքվում, Գետաշենում,  Շահումյանում, Մարաղայում, Խոջալուում, ու զբաղվեց «անվտանգ» թեմաներով, ժիրայրլիպարիտյանական խորհրդով ու փլիսոփայությամբ, արդյունքում միջազգային քարոզի մեջ մենք արդեն իսկ բացարձակ պարտված էինք թրքական ստահոդությանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։  Հիմա էլ, արդեն երբ նույնիսկ Արցախն ենք կորցրել, իհարկե, այստեղից և այնտեղից լսվում են, թե Ադրբեջանական ԽՍՀ-ից հայության ճակատագրի վերաբերյալ այս կամ այն հետազոտությունն է լույս տեսել, ու կրկին՝ չկա դրա միջազգային քարոզը, միջազգային տարածումը, ինչը բացարաձակապես պետականության պարտքն է, պարտավորությունը։ Եթե պետականությունը չի իրականացնում իր հովանու ներքո ապրող բնակչության կյանքի անվտանգության ապահովման քայլեր, ապա դա ինչպե՞ս գնահատել…»,- նշեց նա։

Այսօր հայաստանյան հայությանը թմրեցնող, զգոնությունը բթացնող «խաղաղության» քարոզ է գնում, որը նույն այդ «արևմտյան ադրբեջան»  ծրագրի գործիքներից է, ասումէ Մարիամ Ավագյանը։ Հայությանը, հատկապես Հայաստանում, արթնանալ է պետք ու դիմակայել, ու դրա պահանջը հենց Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղադրված ոչ միայն 1915 թվականի հուշակոթողն է, նաև Սումգայիթի, Գանձակի, Բաքվի զոհերին նվիրված խաչքարերն են։