
Չնայած Իրանում բողոքի ցույցերը զուտ ներքաղաքակաին բնույթի են, գլխավոր ինտրիգը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր միջամտությունն է: Վենեսուելայում գործողությունից հետո վերլուծաբանները խոսում են Իրանի իշխանությունների ֆիզիկական հեռացման հնարավորության մասին։
«ԱՄՆ-ի կողմից ռազմական հարձակման դեպքում մեր օրինական թիրախները կլինեն ինչպես օկուպացված տարածքը, այնպես էլ ամերիկյան ռազմական կենտրոններն ու նավատորմը», – կիրակի՝ հունվարի 11-ին, խորհրդարանի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Օկուպացված տարածք» ասելով՝ Ղալիբաֆը նկատի ուներ Իսրայելը, որի գոյության իրավունքը չի ճանաչվում Իրանի ղեկավարության կողմից: «Մենք կգործենք սպառնալիքի ցանկացած օբյեկտիվ ցուցման հիման վրա», – սպառնացել է իրանցի քաղաքական գործիչը։
Իրանի հայտարարությունների ֆոնին Իսրայելը բարձր պատրաստվածության է անցել, հաղորդում է The Times of Israel-ը։
Ռոյթերսը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են «Իրանի գործերին ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը»։
Ըստ Axios-ի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է լայն շրջանակի միջոցառումներ՝ սկսած դիվանագիտական ճնշումից մինչև կիբերհարձակումներ և ռազմական սցենարներ։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հեռուստատեսային ուղերձով դիմել է ազգին։ Նա կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոցներ՝ կանխելու համար արմատականների կողմից ցուցարարների պահանջները խեղաթյուրելը։
Ըստ Al Mayadeen հեռուստաընկերության՝ նախագահը վերջին անկարգությունների համար մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ պնդելով, որ նրանք փորձում են անկայունացնել երկիրը։ Նա նաև նշել է, որ իշխանությունները կշարունակեն տնտեսական բարեփոխումները՝ ցուցարարների նախնական պահանջները բավարարելու համար։
Պեզեշկիանը նաև կոչ է արել երիտասարդներին չմասնակցել անկարգություններին և նշել, որ ազգը չի ընդունի մզկիթների վրա հարձակումներին մասնակցածներին։
Associated Press (AP)-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը անցկացնում է արտահերթ նիստ։ Նիստի ընթացքում որոշ անդամներ վանկարկել են «Մահ Ամերիկային»։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական մարդու իրավունքների կազմակերպություններին, երկրում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 116 մարդ, իսկ ձերբակալվել է 2600 մարդ։ Ինտերնետը և միջազգային բջջային հեռախոսակապի ծառայությունը անջատվել են։
Թեհրանի նահանգային հրշեջ ծառայության պետ Քոդրաթոլլահ Մոհամմադին հայտնել է, որ անկարգությունների ընթացքում զինված ցուցարարները հրկիզել են 26 բնակելի շենք, 34 մզկիթ, 40 բանկ, 15 առևտրի կենտրոն, 13 կառավարական շենք և 50 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտ։