Սվարանց․ Ինչ չի անում կառավարությունն արցախցիների համար, Սփյուռքն է փորձում լրացնել

  • 12:04 12.01.2026

Կիրակի առավոտյան Տաթևի վանքում մի կին քահանայից օրհնություն է ստանում, պատերն արձագանքում են «Սուրբ-Սուրբը», ինչ-որ մեկը որդու հետ եկել է մոմ վառելու։ Ձմռան կապույտ երկքով անցնում է ճոպանուղին, որը միանգամից Ռուբեն Վարդանյանի մասին է հիշեցնում եւ որ գներն անհասանելի են դարձել տեղացիների համար` 9,000 դրամ: Եկեղեցու հարեւանությամբ չրեր, ուրցի, մասուրի թեյեր, գործված խաղալիքներ ու տարբեր հուշանվերներ են վաճառում տեղացիները։ Նրանցից մեկը քահանայի բրդյա կամ բամբակյա ժիլետն է հյուսում-վերանորոգում։ Քահանան այն նետել չի ցանկացել, քանի որ նվեր է, և խնդրել է այս կնոջը վերանորոգել այն։

 

Իմանալով, որ ես զբոսաշրջիկ չեմ, կինն ինձ գնումներ անել չառաջարկեց, խորհուրդ տալով Դիմոյի (Դմիտրի) հետ ծանոթանալ, ով գրեթե նույն իրերն է վաճառում, բայց նրա տաղավարն ավելի աղքատիկ է, քան «մրցակիցներինը»։ Ես Դիմոյին ճանաչում եմ մանկուց. նա տատիկիս հարևանն էր մեր գյուղում՝ Արցախում։ Հիմա նա հավաքում է այն, ինչ բնությունը տալիս է Տաթևի շրջակա անտառներից, և վաճառում եկեղեցու մոտ։ Ասում է, որ այս սեզոնին հազիվ 1000 դրամ է վաստակում օրական և սպասում է զբոսաշրջիկների սեզոնի բացմանը։

Ճաղ անող կինը կասկածում է, որ արցախցիները կվերաբնակվեն Սվարանց գյուղում, որը գտնվում է Տաթևի վանքից 4 կմ հեռավորության վրա։ «Էհ, ո՞վ է կհամաձայնվի այնտեղ ապրել», – հոգոց է հանում նա։

Ուլիանան

«Երբ մենք ստիպված լքեցինք Արցախը 2023-ին, ամուսինս որոշեց. «մի փոքր կանգառ Հայաստանում և` Ռուսաստան, չի սակարկվում», բայց մարդիկ մեզ այստեղ այնքան ջերմ ընդունեցին, որ մենք որոշեցինք մնալ։ Ամուսինս անգամ «ռազվեդկի» էր գնացել այնտեղ, բայց երբ վերադարձավ, ասաց. «չէ, դա ապրելու տեղ չէ»։ Ամեն դեպքում, իմ հայրենի գյուղացիներից շատերն են Ռուսաստան մեկնել։ Ոմանք վերադառնում են, ոմանք` ոչ։ Ռուսաստանը այն չէ, ինչ մինչեւ ուկրաինական պատերազմը, դրա համար էլ շատերը վերադառնում են։ Ի՞նչ անել, մի պատերազմից մյո՞ւսը գնալ։ Ես անձամբ երկու ընտանիք գիտեմ մեր գյուղից, որ  հետ են վերադարձել», – ասում է Ուլիանան, ով Մարտակերտի շրջանի Մաղավուզից է եւ բարեկամ մի ընտանիքի հետ Տաթև համայնքի Սվարանց գյուղում է հաստատվել։

Թուֆենկյան հիմնադրամն այստեղ 10 նոր տուն է կառուցել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար, և կարմիր կտուրնեն արդեն փայլում են գյուղ տանող հողե ճանապարհից:

Ուլիանայի ընտանիքը նույնպես ցանկանում է տեղափոխվել այդ տներից մեկը։  «Ճիշտ է, սա մեծ տուն է, որտեղ հիմա բնակվում ենք, բայց այնքան խոնավ է, որ անգամ մուրաբաների տարաների կափարիչներն են ժանգոտում: Հողամաս կա,  բանջարեղեն կաճեցնենք, կանաչի կցանենք, պտղատու ծառեր կտնկեք։ Այս պահին 40 գլուխ անասուն ունենք: Գյուղում ես ապրում` պիտի գյուղատնտեսությամբ զբաղվես, բայց  քաղաքում ապրողին էլ եմ հասկանում, բոլորը չէ, որ կարող են ապրել գյուղական կյանքով։ Արցախի բնակչության կեսը Ստեփանակերտում է ապրել, բանկերում, դեղատներում կամ որևէ այլ պետական ​​​​հիմնարկներում են աշխատել, գալով էլ նախընտրում են Երևանումում ապրել՝ հույսով, որ համապատասխան աշխատանք կգտնեն», – ասում է Ուլիանան։

Շատ է խոսվել, որ բնականարանային հարցն ամենացավոտ է արցախցիների համար։ 2025 դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանի նիստում քննարկվել է Ասիական զարգացման բանկի հետ 250 միլիոն դոլարի վարկային պայմանագիր հաստատելու մասին որոշման նախագիծ, որն ուղղված էր արցախցիների բնակարանային խնդիրները լուծելուն: Նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ 26,000 արցախահայեր ստացել են նոր հայկական անձնագրեր (չնայած նրանք բոլորն վաղուց ունեն այն, սրա մասին էլ քիչ չի խոսվել), 3,800 ընտանիք դիմել է բնակարանային վկայականների համար, և մինչ օրս միայն 1,800 ընտանիք (6%) է կարողացել բնակարան գնել։

Մինչդեռ, Ստեփանակերտի դիմագիծն այսօր գրեթե ամբողջությամբ փոխվել է։ Ադրբեջանցիները քանդում են ամբողջ թաղամասեր, սպիտակ ներկում շենքերը և բնակեցնում դրանք «մեծ վերադարձի» ծրագրով։

«176 «տեղահանվածներ» վերադարձել են «Աղդարա», հաղորդում է Azerbaijan News24-ը: Մարտակերտցիների դեմքերն հաստատ այսպիսին չէր լինի, եթե նրանք այսօր վերադառնան այնտեղ, եւ պարզ կդառնար, թե ով է տան իսկական տերը:

Ինչեւէ, այն, ինչ Հայաստանի կառավարությունը չի կարող կամ չի ցանկանում անել, Սփյուռքն է փորձում ձեռք հասցնել, ինչը դարձյալ խնդրի լուծում չէ, բայց անգամ եթե մեկ ընտանիք սեփական կտուր կունենա գլխավերեւում` արդեն լավ լուր է։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվող առաջին տասը տները գրեթե պատրաստ են։ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Յակոբ Իփճեանը ներկայացնում է Սվարանցի նորակառույց տները՝ ծանոթացնելով այս փուլում կատարված շինարարական աշխատանքներին։ «Ե՛կ Սվարանց»-ը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից Սյունիքի մարզում իրականացվող ենթակառուցվածքային և համայնքային զարգացման համալիր ծրագրի մաս է կազմում։ Նորակառույց թաղամասը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար, գտնվում է Տաթև համայնքում։

«Հաշվի առնելով գյուղական կյանքի մարտահրավերները, մենք թիրախավորել ենք այն վերաբնակիչներին, ովքեր նախկինում իրենց ապրուստը վաստակել են գյուղատնտեսությամբ: Մեր ուշադրության կենտրոնում են մանկահասակ երեխաներով ընտանիքները, որպեսզի նրանք նաև նպաստեն իրենց հյուրընկալող գյուղերի աճին ու զարգացմանը: Միաժամանակ մենք նպատակ ունենք պատրաստել ֆերմերների նոր սերունդ, ովքեր կարող են վերաբնակեցնել իրենց հայրենի գյուղերը Արցախում, երբ դրա հնարավորություն առաջանա: Բացի այդ, մենք ուսումնասիրում ենք բնակարանային լուծումներ տարբեր ժողովրդագրական խմբերի, այդ թվում՝ տարեց անհատների և փոքր ընտանիքների համար, ոչ միայն Սյունիքում, այլև Հայաստանի այլ շրջաններում։ Այս փուլը կենտրոնանում է խորհրդատվության և համապարփակ կարիքների գնահատման վրա՝ ապահովելու համար, որ ապագա ծրագրերը լինեն ներառական և կայուն», ասում է Յակոբ Իփճեանը:

Սվարատնցում դպրոց կա, Ուլյանայի ասելով՝  մոտավորապես 20-23 աշակերտ: Մի աշակերտ էլ հարևան Տանձատափում կա, և երբեմն Ուլյանայի երեխաներից մեկն այնտեղ է հաճախում՝ կրկնապատկելով այդ թիվը մինչև երկու։ Նա նաև ասում է, որ Սվարանցում ապրում է 38 ընտանիք, որոնց թիվն ավելացել է երկու արցախցի ընտանիքներով։ Գյուղի միակ բժիշկը հիվանդացել եւ բժշկի է գնացել Երեւան: Անհրաժեշտության դեպքում Տաթեւի ԲԿ են գնում սվարանցցիները: Երկուշաբթի տրանսպորտ է գալիս գյուղ և մեկնում Գորիս: Ուլիանան ասում է, որ գյուղում մթերքի գները բարձր են, և նրանք ձեթ, վերմիշել, բրինձ ու հնդկաձավար Գորիսից են գնում: «Առաջին տարին, երբ մենք այստեղ եկանք, տարբեր ՀԿ-ներ օգնեցին անհրաժեշտ իրերով ու սննդով, Կարմիր խաչը, Մարդիկ կարիքի մեջն է օգնել, հիմա արցախցիներին հանդեպ  ուշադրություն չկա, մենք էլ ստիպված ինքներս ենք մեր գլխի ճարը փորձում տեսնել: », – ասում է նա:

Մի բարերար գյուղին տրակտոր է նվիրել, որն օգտագործում է Ուլիանայի ամուսինը։  Ուլիանայի բարեկամը`  Բելլան, նույնպես որոշել է մշտապես բնակվել Սվարանցում։ «Բախտս բերել է, ես գոնե վարձ չեմ տալիս` ի տարբերություն Ուլիանայի», – ասում է Բելլան։

«Այստեղ վատ չէ, բնությունը գրեթե նույնն է, ինչ Մաղավուզում։ Տանձ, սև սալոր, պոպոկ, հոն, ամեն ինչ կա, բայց դե իհարկե, կարոտում ենք մեր տունը։ Հասարակ օրինակ. ափսեն դնում եմ սեղանին, ակամա մտքերս ինձ իմ տուն են տանում, հիշում եմ, որ նույնն էի անում այնտեղ, անհնար է վերահսկել մարդկային զգացմունքները», – ասում է Ուլիանան։

Արցախահայերի շոկը դեռ չի անցնում «մեկօրյա պատերազմից» ու բռնի տեղահանումից հետո։ Բոլորի պատմությունը նույնն է, բոլորինը` տարբեր։

«Պատրաստվում էինք երեխու ծննդյան օրը նշել։ Գիտեք, բլոկադայի օրերին, ի տարբերություն Ստեփանակերտի, գյուղերում էլի մի բան գտնվում էր սեղանի համար։ Ես գյուղի ֆերմայի կովերն էի կթում: Դուստրս կաթ շատ է սիրում և անընդհատ պահանջում էր մի բաժակ կաթ: Ասում էի, որ պետք է հավասար բաժանեմ գյուղացիներին: Բայց ինչպե՞ս կարող ես դա բացատրել երեխաներին։ «Մի բաժակ կաթ տուր ու վերջ», պնդում էր նա։ Կեսօր էր, սեպտեմբերի 19-ին, հանկարծ մի հուժկու պայթյուն լսվեց. «Ի՞նչ է սա, մամ», – սարսափով հարցրեց դուստրս։ «Մի՛ վախեցիր, բեռնատարի կափարիչն է (капот) փակվել, ասում եմ ես: Հետո երկրորդը, երրորդը, հրետանին այլևս չէր լռում, չէինք կարողանում հասկանալ, ով ում վրա է կրակում։ Մոտակա ժայռի տակ էինք պատսպարվել, գյուղում նորմալ ապաստարաններ չկային։ Ինչեւէ, հետո հրահանգեցին, որ երկու ժամ ժամանակ ունենք իրեր վերցնելու եւ Ստեփանակերտ գնալու համար։ Ապշած կանգնել էի սենյակում եւ չգիտեի ինչ վերցնել: Չգիտեմ ինչու, պատից պոկեցի Աստվածածնի պատկերն ու վերցրի հետս։ Դա, մեկ էլ փոքր երեխուս լուսանկարը։ Մենք բեռնատար ունեինք, բայց չկարողացանք այն հանել: Գիտեք, այդ օրերին վառելիք չկար, այնպես որ 9 հոգով, ինչ-որ կերպ «Նիվան» խցկվեցինք և հեռացանք։ Իսկական քաոս էր, մեկը մյուսին օգնել չէր կարողանում», – հիշում է Ուլիանան։

Ուլիանան ու Բելլան անորոշ են պատկերացնում արցախահայերի ապագան։

 

«Բոլորի անունից խոսել չեմ կարող, բայց իրականությունն այն է, որ մարդիկ դեռ շարունակում են ապրել ուրիշների տներում՝ բախվելով սոցիալական, հոգեբանական և բյուրոկրատական ​​դժվարությունների, որոշներն էլ արտագաղթում են։ Մինչեւ հիմա չեմ կարողանում վերականգնել սկեսուրիս և սկեսրայրիս փաստաթղթերը, մենք չկարողացանք դրանք մեզ հետ վերցնել, այնպիսի խուճապ էր։  120,000 դրամ վճարեցինք փաստաբանին, բայց դեռևս ապարդյուն։ Դժվար է, հատկապես քաղաքում ապրողի համար։ Անհնար է և ապրել, և վարձ վճարել աշխատավարձով», – ասում է Բելլան։

2025 ապրիլին Հայաստանի կառավարությունը կասեցրել է արցախահայերի համար բնակվարձի 40+10, հազար փոխհատուցման ծրագիրը: Այժմ միայն երեխաներին և խոցելի խմբերին է վճարվում ամսական 30,000 դրամ:

«Երեք ամիս է՝ երեխաների փողը չենք ստացել, սոցապում ասում են՝ փոխանցել ենք, բանկն ասում է՝ չի նստել, մի տեղից մյուսն են ուղարկում», –  ասում է Ուլիանան։

Իսկ երբ նրանց հարցնում ես Արցախի էջը փակվելու մասին` վրդովվում են. «Ո՞նց, քանի դեռ կան արցախահայեր, Արցախի էջը փակվել չի կարող», իսկ երբ հարցնում ես հնարավոր վերադարձի մասին, ուսներն են թոթվում. «Գուցե մի հրաշքով», – ասում է Բելլան․ անպայման, վստահեցնում է նրա ամուսինը։

«Ադրբեջանցիները սոցիալական ցանցերում Ստեփանակերտից շատ են կադրեր  հրապարակում, Ֆրեդիկին էլ տեսած կլինեք, թե ոնց են ծաղրում խեղճ մարդուն, բայց մեր գյուղից տեսանյութեր չեմ հանդիպում», – ասում է Բելլան։

«Ինչ վերաբերում է Սյունիքին, նրանք դա չեն զգում, և դա բնական է, նրանք այս ամենի միջով չեն անցել, և փառք Աստծուն։ Մենք նույնպես չէինք հավատում այսպիսի ողբերգական ավարտին։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ նրանք կվերցնեն ամբողջ Ղարաբաղը և կարտաքսեն ամբողջ բնակչությանը, ո՞վ կպատկերացներ, որ այս օրը կգա», – զարմացած հարցնում է Ուլիանան։

Իսկ երբ երեխաներին ես հարցնում, թե ինչ են հիշում Արցախից, հիշո՞ւմ են օրինակ իրենց դասընկերներին, նրանց դեմքերից հասկանալի է դառնում, որ հիշում են, բայց անուններն են մոռացել:

-Ուրիշ ի՞նչ ես հիշում Արցախից, – սա էլ հարց էլ Լաուրային (կլինի մի 7-8 տարեկան)՝ Բելլայի դստերը։

-Ըմմմ… պապուն գազիկը… կապույտ գույնի յա, – ասում է Լաուրան ու թաքնվում մոր հետևում։

 

Սվարանց:

Մարութ Վանյան

Նյութը պատրաստվել է The Armenian Mirror-Spectator-ի համար