Արդեն չեն թաքցնում․ եթե չընտրվի Փաշինյանը, Հայաստանի վրա ճնշում կլինի. իսկ եթե ընտրվի՞

  • 13:58 12.01.2026

Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղությանը աջակցող Միացյալ Նահանգները կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ խաղաղություն կնքելու համար։ Այս մասին oրերս հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա չի ասել, ինչ կարգի ճնշում է դա, սակայն պարզ է, որ եթե ճնշումով է հարցը լուծվում, ուրեմն՝ այն Հայաստանի շահերին և կամքին հակառակ է։

Ինքը Թրամփը, խոսելով Ալիևի մասին, մի քանի անգամ ասել է, որ լուծել է “նրա հակամարտությունը”, ակնարկելով, որ Հայաստանի համար դա լուծում չէր։ Միակ “լավ բանը” այն է, որ 2025-ի օգոստոսի 8-ին Թրամփը կանխել է Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիան։

Դեռ 2025-ի հունիսին Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը  Washington Examiner-ում հրապարակված հոդվածում գրել է, որ “Ալիևը կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել, և Հայաստանի կառավարությունը կարող է նույնիսկ համաձայնվել դրանցից մի քանիսի հետ, բայց ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ արևմտյան դիվանագետները չեն կարող կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան: Ալիևի համար սա իր սեփական գոյատևման հարց է”:

Թրամփը, փաստորեն, կանխել է պատերազմը, ավելի ճիշտ՝ առկախել է, քանի որ համաձայնագրի նախաստորագրելուց անցել է գրեթե կես տարի, սակայն, ինչպես շատերն են նկատում, ոչ մի “առաջընթաց” չկա։ Եւ մոտակա կես տարին ցույց կտա, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները։  Չէ որ Ալիևի խնդիրը չի փոխվել։

Առաջին փորձությունը կլինի Փաշինյանի քաղաքական կայունությունն է, քանի որ Հայաստանը պատրաստվում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Arab News-ի համար գրված իր հոդվածում նշել է Լյուկ Քոֆին։

Փաշինյանը ներկայացվում է որպես խաղաղության “մոնոպոլիստ” Հայաստանուն, նշվում է, որ մնացած ուժերն իբր առաջ են տանում Ռուսաստանի և Իրանի շահերը, որոնք իբրև դեն են Թրամփի ճանապարհին։

Սակայն Հայաստանում բառացիորեն ոչ մի քաղակաքան ուժ հանդես չի եկել օգոստոսի 8-ի համաձայնագրերի դեմ։ Ավելին՝ որոշ ռուսամետ ընդդիմադիր ուժեր կոչ են անում ավելի սերտ աշխատել ԱՄՆ վարչակազմի հետ, առաջարկելով ներառել ծրագրերում նաև Ռուսաստանին, ինչին Թրամփը կարծես դեմ չէ։

Այդ դեպքում ո՞ւմ է պետք Փաշինյանի պարտադիր վերընտրումը և ինչո՞ւ են դա նշում որպես “խաղաղության նախապայման”։ Հնարավո՞ր են գաղտնի զիջումներ, որոնց Փաշինյանը խոստացել է գնալ վերընտրվելու դեպքում։     

Լյուկ Քոֆին նշում է, որ կա նաև Հայաստանի Սահմանադրության զգայուն, բայց չափազանց կարևոր հարցը։ Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ այդ հարցը պետք է լուծվի նախքան Բաքուն կկարողանա վավերացնել խաղաղության պայմանագիրը։ Հաջորդ հարցը, որը հրատապ առաջընթաց է պահանջում՝ դա «Թրամփի ուղին» է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը պաշտոնապես համաձայնել է այս հայեցակարգին, դրա իրականացման ուղղությամբ որևէ բովանդակային քայլ չի ձեռնարկվել։

Ըստ հեղինակի՝ չնայած այս մարտահրավերներին, դեռևս հնարավոր է, որ 2026 թվականը դառնա այն տարին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես խաղաղություն կհաստատվի։ Դրա համար կպահանջվի կայուն միջազգային ներգրավվածություն և շարունակական ճնշում երկու կողմերի վրա՝ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով։

Ճնշում բառը առանցքային է․ ըստ հեղինակի, որն արտահայտում է Արևմուտքում բավականին տարածված կարծիքը, եթե Փաշինյանը չվերընտրվի, Սահմանադրությունը չփոխվի, “խաղաղությունը” չկնքվի, ապա Հայաստանի վրա կլինեն նոր ճնշումներ։ Դա կլինի կամ ագրեսիայի համար քարտ-բլանշ Ալիևին, կամ մաքսատուրքեր (Թրամփը խոստովանել է, որ Ալիևին և Փաշինյանին ստիպել է նախաստորագրել համաձայնագիրը, երկու երկրների դեմ 200 տոկոս մաքսատուրք մտցնելով), կամ “Մադուրոյի տարբերակը”։ Եւս մեկ տարբերակ՝ Թրամփն ու Պուտինը պայմանավորվում են “ազդեցության գոտիների բաժանման” մասին։

Այդ ֆոնին գլխավոր հարցը մնում է՝ թե ինչ “ճնշում “կլինի, եթե Փաշինյանը վերընտրվի, եթե Սահմանադրությունը փոխվի, և գա ժամանակը “գաղտնի պահանջները” կատարելու։  Եւ ի՞նչ կլինի Կարսի պայմանագրի փոխարեն։

Նաիրա Հայրումյան