Բաքվի հայության ցեղասպանությունը, 13-19-ը հունվարի,1990

  • 10:47 13.01.2026

36 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1990թ. հունվարի 13-ին, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության մարմինների իմացության և հանցավոր անգործության ու թողտվության պայմաններում Ադրբեջանի ընդդիմությունը՝ ժողովրդական ճակատը, իր ղեկավարի՝ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ապրող հայ բնակչության նկատմամբ սկսել է իրականացնել նախապես ծրագրված ցեղասպանություն և բռնի տեղահանություններ, որոնք առանց դադարի շարունակվել են մինչև հունվարի 19-ը:

Հայերի ցեղասպանությունը և բռնի տեղահանությունները Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված և իրականացված լինելու մասին վկայել է 1989-1991թթ. Խորհրդային Ադրբեջանի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ)-ի նախագահ Վագիֆ Հուսեյնովը:

Հիշյալ իրադարձությունների վերաբերյալ Վ. Հուսեյնովի հուշերը հոդվածի տեսքով հրապարակվել են 2004թ. փետրվարի 6-ին “Московский комсомолец” ռուսալեզու թերթում: Իր հուշերում Խորհրդային Ադրբեջանի ՊԱԿ-ի ղեկավարը, մասնավորաբար, գրել է. «Բաքվում տեղի ունեցած անկարգությունները մանրակրկիտ կերպով պլանավորվել էին Ժողովրդական ճակատի կողմից: Նոր տարվա գիշերը ամբոխը ոչնչացրեց Իրանի հետ պետական ​​սահմանը: Իսկ հունվարի 11-ին Բաքվում սկսվեցին ջարդեր: Ընդհանուր առմամբ, քաղաքում շրջում էր մոտ 40 խումբ (50-ից մինչև 300 մարդ)՝ իրականացնելով ջարդեր: Տիրում էր լիակատար անարխիա: Ոստիկանությունն անզոր էր: Սպանվեց 59 մարդ (ներառյալ 42 հայ), վիրավորվեց մոտ 300-ը:»:

Ինչպես տեսնում ենք, իրականում Բաքվի ջարդերը սկսվել են ոչ թե հունվարի 13-ին, այլ՝ 11-ին:

Վագիֆ Հուսեյնովը գրել է նաև, որ սպասվող ջարդերի մասին տեղյակ էր ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական իշխանությունը. «Կարելի՞ էր կանխատեսել պայթյունը: Միանշանակ` այո: 1989թ. հոկտեմբերին մենք Ադրբեջանի ՊԱԿ-ում պատրաստեցինք գրություն: Այնտեղ երկրի և հանրապետության ղեկավարությանն ուղղակիորեն զգուշացվում էր. առաջիկա երկու-երեք ամիսներին կարող է սկսվել ճգնաժամ և պայթյուն. զանգվածային անկարգություններ… Այդ մասին գիտեին նաև միութենական ղեկավարները»:

Ադրբեջանի բնիկ ժողովրդի՝ հայերի նկատմամբ մինչ օրս իրականացված ոչ մի հանցագործության Ադրբեջանի որևէ վարչակազմի կողմից չի տրվել ո՛չ քաղաքական և ո՛չ էլ իրավական գնահատական:

Հարկ է նշել, որ հայության հանդեպ Ադրբեջանի գործելաոճը նվազագույն չափով անգամ չի փոխվել: Հայերի նկատմամբ հանցագործություն կատարած ադրբեջանցիներն Ադրբեջանում չեն պատժվում նաև մեր օրերում: Ճիշտ հակառակը. նրանք արժանանում են բարձր պարգևների ու պատվավոր կոչումների: Իսկ նրանց հայատյաց վարքագիծը քարոզվում է մանկապարտեզներում ու դպրոցներում:

Հետևաբար, բոլոր ժամանակներում սեփական ազգի ու պետության պաշտպանությունն արդյունավետ կերպով ապահովելու նպատակով հարկ է ապավինել ոչ թե օտարին, կամ միջազգային կառույցներին ու փաստաթղթերին, այլ՝ սեփական ուժին՝ զինվելով մինչև ատամները, քանզի, փոխակերպելով հայտնի ֆիլմում ասված խոսքերը, «մարդս դողում է ոչ թե միջազգային կառույցների ու փաստաթղթերի, այլ՝ յաթաղանի առաջ»:

Ցավոք, Հայաստանի տարբեր ժամանակների գրեթե բոլոր վարչակազմերի կարճատես հաշվարկների պատճառով մեզ, որպես պետություն, դեռևս չի հաջողվել լիարժեք կերպով իրացնել ժամանակի քննությունը բռնած ու անառարկելի այս ճշմարտությունը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ