Պապիկյանը հայկական դիրքերը հանձնելու համար մեղադրեց այն ժամանակվա պաշտոնյաներին

  • 16:30 13.01.2026

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանի զորքերը չեն լքում ՀՀ տարածքը, ասաց․ «Այս հարցերը կարգավորվելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Եվ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է ըստ էության, որը ես ամբոջղությամբ կիսում եմ։ Կարծում եմ՝ սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»։

Պապիկյանն անդրադարձավ այն տեղեկություններին, թե Սեւ լճի տարածքում կան հայկական դիրքեր, որտեղ հասնելու համար հայ զինծառայողներն ստիպված անցնում են ադրբեջանական անցակետի կողքով, եւ ադրբեջանցիները ստուգում են հայ զինծառայողներին։ Ըստ Պապիկյանի՝ հարցը վերաբերում է 2021 թվականի մայիսից հետո ստեղծված իրավիճակին, խոսքը Սեւ լճի տարածքում մի դիրքի մասին է, մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց նրանց չեն ստուգում։

Խնդիրն հետեւյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, ես չեմ եղել դրա հեղինակը, ես չեմ դրա միակ շահառուն։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ։ Փաստացի այն, ինչ նկարագում եք, դա տեղի չի ունենում։ Այո, կա իրականություն, որը հետեւյլան է՝ մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց նրանց չեն ստուգում։ Նաեւ դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականին եւ դրանից հետո պատասխանատվություն են կրել։ Դուք էլ ակտիվորեն լուսաբանում եք այդ մարդկանց, հարց տվեք, ասեք՝ էդ ո՞նց է այդ դիրքը հայտնվել այդ դիրքում, հարգելի նախկին պաշտոնյաներ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այն ժամանակ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր։ Նրան այդ պաշտոնում 2021-ի օգոստոսին փոխարինել է Արշակ Կարապետյանը, որը 2021 թվականի մայիսին Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ 

2025-ի նոյեմբերին Արշակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի մայիսին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի տարածքներ ներխուժելու և օկուպացնելու կապակցությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝  Կարապետյանը տվել է անօրինական նահանջի հրաման, որի արդյունքում հայկական առաջապահ ստորաբաժանումները լքել են իրենց դիրքերը, որոնք հետագայում զբաղեցրել են ադրբեջանական ուժերը։ Կարապետյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, քանի որ նա լիազորություն չի ունեցել իր զորքերին նահանջելու հրաման տալու։

Ինքը Կարապետյանը պնդում է, որ այն ժամանակ իրենք շրջապատել էին ադրբեջանական դիվերսանտներին, սակայն Փաշինյանը “հիստերիկայի մեջ” հրամայել է հետ քաշվել, և համարյա շրջափակման մեջ հայտնվել են հայկական զորքերը։ 

Անհասկանալի է, թե ինչպես է Փաշինյանը այդքանից հետո Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակել։ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԽ նիստոմ ստորև։

Հիշեցնենք նաև, որ 2020-ի դեկտեմբերին, երբ պատերազմից հետո պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, նա, որոշ տեղեկությունների համաձայն, ինչ-որ հուշագիր է ստերագրել ռուսական կողմի հետ, որին փոխանցվել է Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածի վերահսկողությունը։ Ռուսական կողմն էլ անմիջապես փոխանցել է ճանապահի 21 կմ-ի վերահսկողությունը Ադրբեջանին։ Մինչ օրս այդ ճանապարհը չի գործում։

Եւ Հարությունյանին, և Կարապետյանին արդարացիորեն մեղադրում են ռուսական կողմի ցուցումով զիջումների մեջ, սակայն մնում է կարևոր հարցը՝ ո՞վ է նշանակել այդ մարդկանց ՀՀ պաշտպանության նախարար, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ևս գործում էր (է) Կրեմլի հրահանգներով։