
«Ազնավուր Սաղյան» կրթաթոշակի հիմնադրամի միջոցով Արցախից տեղահանված ավելի քան 60 ուսանող արդեն ստացել է կրթական աջակցություն։
Հիմնադրամին հաջողվել է հավաքագրել ավելի քան 20 հազար ԱՄՆ դոլար, որոնք ուղղվել են երիտասարդների ուսումնառության շարունակական ապահովմանը։
Կրթաթոշակային այս ծրագիրը կարևոր դեր ունի տեղահանված ընտանիքների ֆինանսական բեռի թեթևացման, ինչպես նաև ուսանողների համար կրթական գործընթացում կայունության և անվտանգության զգացման պահպանման գործում։
Սակայն կրթական աջակցության պահանջարկը շարունակում է աճել․ բազմաթիվ ուսանողներ դեռևս կանգնած են ուսումը կիսատ թողնելու վտանգի առաջ՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամում նշում են, որ կրթությունը ոչ միայն գիտելիք ստանալու միջոց է, այլ նաև արժանապատվության, դիմակայունության և երկարաժամկետ կայուն ապագայի հիմք։ Հիմնադրամը կոչ է անում շարունակել աջակցությունը, որպեսզի տեղահանությունը չդառնա երիտասարդների ապագան սահմանող հանգամանք։
Մարիամ Սարգսյան