
Իրանում բողոքի ակցիայի մասնակիցները և նրանց արտերկրում գտնվող կողմնակիցները հույս ունեին, որ Թեհրանի իսլամական ռեժիմն արդեն «սրնթաց» փլուզման գործընթացի մեջ է։ Սակայն, բոլոր ցուցանիշներով, եթե նման անկում տեղի է ունենում, այն դեռևս «աստիճանական» փուլում է, հաղորդում է BBC-ն։
Ամենակարևորը, անվտանգության ուժերը հավատարիմ են մնում ռեժիմին։ Բողոքի ակցիաները ճնշող հիմնական ուժը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է (ԻՀՊԿ), որը երկրի ամենաազդեցիկ կազմակերպությունն է։ ԻՀՊԿ-ն ունի օժանդակ ուժ՝ «Բասիջ» աշխարհազորայինը՝ կամավորական կիսառազմական կազմակերպություն, որը պնդում է, որ ունի միլիոնավոր անդամներ։
Միևնույն ժամանակ, արևմտյան առաջնորդները բանավոր աջակցում են իրանական ռեժիմի անկմանը։ «Եթե ռեժիմը կարող է իշխանությունը պահել միայն ուժով, ապա այն գործնականում ոչնչացված է։ Ես կարծում եմ, որ մենք այժմ ականատես ենք լինում այս ռեժիմի վերջին օրերին և շաբաթներին Իրանում», – Հնդկաստան կատարած այցի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը (մեջբերում Tagesschau-ից)։
Մինչդեռ, ինչպես Իրանի իշխանությունները, այնպես էլ ռուսական աղբյուրները հայտնում են, որ բողոքի ցույցերը մարում են, և իշխանությունները լիակատար վերահսկողություն են հաստատել իրավիճակի նկատմամբ, հնարավոր է՝ լայնածավալ բռնության գնով։
CBS News-ի աղբյուրներին հղում անելով՝ զոհերի թիվը, ենթադրաբար, արդեն գերազանցել է 12,000-ը։ Թեհրանը թաքցնում է զոհերի իրական թիվը։
Թրամփը, որը նախկինում խոստացել էր պատժել Իրանին, եթե ցուցարարների դեմ բռնություն կիրառվի, հունվարի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ խուսափեց պատասխանել, թե Վաշինգտոնը ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել իրանական ռեժիմի հակառակորդներին աջակցելու համար։
Զոհերի թվի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Թրամփը խոստովանեց. «Ոչ ոք չկարողացավ ինձ ճշգրիտ թիվ տալ»։ Նշենք, որ այսօր Թրամփը սոցիալական ցանցերի միջոցով դիմել է Իրանում ցուցարարներին։ Նա կոչ է արել նրանց չհանձնվել, վերահսկողություն հաստատել կառավարական հաստատությունների նկատմամբ և խոստացել է, որ «օգնությունը ճանապարհին է»։
Իրանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ “հավասարը հավասարի դեմ” սկզբունքով։
Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փահլավին, Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆի հետ, երեքշաբթի՝ հունվարի 13-ին, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Հատկանշական է, որ Բաքվի լրատվամիջոցները անհամբեր սպասում են Իրանում ռեժիմի փոփոխությանը։ Թուրքիայում, ընդհակառակը, քննարկում են Իրանի փլուզման սպառնալիքը տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի համար։ «Քաոսային իրավիճակում անկազմակերպ իրանցի ադրբեջանցիները, որոնք տասնամյակներ շարունակ ենթարկվել են Իրանի կենտրոնական կառավարության լուրջ ճնշմանը, հատկապես խոցելի կլինեն քրդական խմբավորումների զինված հարձակումների նկատմամբ», – ասում են թուրք քաղաքագետները։