ԵՄ․ հիմա ՀՀ կառավարության հետ աշխատում ենք արցախցիների բնակապահովման ծրագրի ուղղությամբ

  • 16:06 14.01.2026

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցությանը։ «Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերում փախստականներին, այդ աջակցությունը մարդասիրական աջակցության տեքսով է եղել, ինչպես նաեւ դրամական աջակցության մի մասը, որը կառավարության կողմից է տրամադրվել, փոխհատուցվել է Եվրամիության կողմից՝ բյուջեի աջակցման ծրագրով։ Մենք հիմա Հայաստանի կառավարության հետ աշխատում ենք բնակապահովման ծրագրի իրականացման ուղղությամբ, ինչը շատ կարեւոր է»,- նշեց նա։

Մարագոսը նշեց, որ Եվրամիությունը նաեւ սահմանային տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանին։ «Շուտով հուսով ենք՝ կնորմալացվեն հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ ապաշրջափակում տեղի կունենա, որը շատ կարեւոր է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան Եվրամիության հետ մաքսային միության անդամ է, եւ մենք առաձնակի պարտավորություն ունենք միասնական աշխատել հատկապես այդ ոլորտում։ Հիմա մենք աշխատում ենք աջակցման ծրագրի բյուջեի մանրամասների վրա»,- ասաց նա։

ՍԵՊԱ-ի իրականացման բարեփոխումներին անդրառնալով՝ նա ասաց, որ Հայաստանի՝ եվրոպական չափանիշներ կիրառելու նկրտումների համատեքստում շատ ավելի կարեւոր է դառնում ներդրումներ իրականացնել պետական կառավարման համակարգում։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի համատեքստում արդեն շատ կոնկրետ բարեփոխումներ կան, որոնք ազդում են սահմանների կառավարման, անձնական տվյալների պաշտպանության վրա։ Կառավարությունն արդեն որոշումներ ընդունել է՝ բոլոր այս ոլորտներում առաջ շարժվելու համար։ Եվ սրա համար պետական կառավարման ոլորտում պահանջվում են ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական բարեփոխումներ։

Մարագոսը նշեց, որ աշխատանք է տարվում վիզաների ազատականացման հարցով պատասխանատու հանձնակատարի այցը ՀՀ կազմակերպելու համար։ Նա հիշեցրեց՝ սա վիզաների ազատականացման միակ երկխոսությունն է, որը ԵՄ-ն ամբողջ աշխարհում հիմա իրականացնում է։ «Մեր նպատակն է 2026-ին ներկայացնել վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացի զեկույցը»,- նշեց ԵՄ դեսպանը։

«Մենք իսկապես կուզեինք շատ կոնկրետ արդյունքներ տեսնել հաջորդ մի քանի ամիսներին, որպեսզի մենք նույնպես կարողանանք ընդգծել եւ ցույց տալ բոլոր այն արդյունքները, որոնք վերջին ժամանակահատվածում ստացել ենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ ծրագրին՝ նա ասաց, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին: «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կոնկրետ ծրագրերի մասին տարբեր մակարդակներում ակտիվ քննարկումներ կան, եւ մենք կշարունակենք դրանք»,- նշեց նա։