
Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանը կտեղափոխվի Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։ Այս մասին հայտարարել է նրա դուստրը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլյեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից Հակարի կամրջի մոտ հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։ Փաշինյանի խոսքով՝ նախնական զննումները ցույց են տվել, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Էուլյեքջյանը առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը սկզբնապես գնահատվում է բավարար։ 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաղորդվել է, որ Վիգեն Էուլյեքջյանի և Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։
Նույն օրը՝ 2026 թվականի հունվարի 14-ին Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջին և Մուխրաբ Մուհամմադ ալ-Շխերին, որոնք դատապարտվել էին ցմահ ազատազրկման Հայաստանի Հանրապետությունում, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց պատիժը հայրենիքում շարունակելու համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարարությունը։
2021 թվականին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ահաբեկիչ վարձկանների՝ Մեհրեդ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջիին, դատապարտեց ցմահ ազատազրկման՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։