Եվրոպան զորքեր է ուղարկել Գրենլանդիա՝ այն ԱՄՆ-ից պաշտպանելու համար

  • 11:25 15.01.2026

Դանիան հայտարարել է Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ընդլայնման մասին: Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Նորվեգիան նույնպես կամրապնդեն իրենց ռազմական ներկայությունը Գրենլանդիայում՝ Դանիային աջակցելու համար։

«Մենք համատեղ կպատրաստվենք դանիական «Operation Arctic Endurance» զորավարժությունների շրջանակներում առաջիկա միջոցառումներին», – չորեքշաբթի օրը հայտարարել է Շվեդիայի առաջնորդը։

Ֆրանսիան ևս հայտարարել է Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելու իր պատրաստակամության մասին, որոնք կազմակերպվում են Դանիայի կողմից. առաջին ստորաբաժանումներն արդեն ուղարկվել են: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։

Այս հայտարարությունը համընկել է Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոտցֆելդտի Վաշինգտոն այցի հետ: Նրանց Սպիտակ տանը ընդունել են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հանդիպումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների, Դանիայի և նրա ինքնավար մարզի՝ Գրենլանդիայի միջև հարաբերություններում լուրջ լարվածության ֆոնին, որը պայմանավորված էր Դոնալդ Թրամփի կողմից կղզու վրա վերահսկողություն հաստատելու մտադրությամբ՝ ցանկացած անհրաժեշտ միջոցով, այդ թվում՝ ուժով։

Ռասմուսենը նշել է, որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ լայն ռազմական մուտք ունի Գրենլանդիա՝ համաձայն երկու երկրների միջև 1950-ական թվականներից ի վեր կնքված համաձայնագրի։ Նա նշել է, որ Դանիան շարունակում է պատրաստ լինել համագործակցել Վաշինգտոնի հետ անվտանգության բոլոր ոլորտներում, սակայն չկան համոզիչ պատճառներ, որ Միացյալ Նահանգները ձեռք բերի Գրենլանդիան։

Դանիայի արտաքին գործերի նախարարը ընդունել է, որ Դանիայի և Միացյալ Նահանգների միջև դեռևս հստակ տարաձայնություններ կան, սակայն նշել է, որ Դանիան քննարկում է Թրամփին որոշակի անվտանգության հարցերում հարմարվելու ուղիներ՝ միաժամանակ հաշվի առնելով Կոպենհագենում սահմանված «կարմիր գծերը», որոնցից ամենակարևորը ինքնիշխանությունն է։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիան անկարող է պաշտպանել իրեն։

Իր «Truth Social» հարթակում նա նշել է, որ ՆԱՏՕ-ն «պետք է ղեկավարի» Գրենլանդիան Միացյալ Նահանգներին հանձնելու գործընթացը, որպեսզի Ռուսաստանը կամ Չինաստանը չհաստատեն վերահսկողություն կղզու նկատմամբ։

«ՆԱՏՕ-ն շատ ավելի հզոր և արդյունավետ է, երբ Գրենլանդիան գտնվում է Միացյալ Նահանգների ձեռքում։ Ցանկացած պակաս բան անընդունելի է», – ասվում է նաև Թրամփի հայտարարության մեջ։

Արդյո՞ք Գրենլանդիան կդառնա ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ուղղակի բախման վայր, որը կքայքայի ՆԱՏՕ-ն։ Եվրոպայի թուլացումն ու պառակտումը Թրամփի վարչակազմի համար հիմնական առաջնահերթություն է։