Փաշինյան․ այդ իրադարձությունների մեջ կապ չկա

  • 22:23 15.01.2026

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն»,- այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե գործա՞րք են իրականացրել՝ սիրիացի վարձկան ահաբեկիչներին հանձնել են Սիրիային, որպեսզի Բաքվի բանտից 4 գերի վերադարձնեն։

«Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցե՞լ են վարձկանների վերադարձի բանակցություններին՝ Փաշինյանը պատասխանեց․  «Մենք վերադարձի վերաբերյալ խոսել ենք Սիրիայի իշխանությունների հետ։ Թուրքիայի միջոցով են վերադարձվել, որովհետեւ տարբեր, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրներ կան»։

Նշենք, որ երեկ, երբ հայտարարվեց, որ Բաքվից Հայաստան են վերադարձվեր 4 գերիներ, ՀՀ արդարադատության նախարարությունը միաժամանակ հայտնեց, որ 2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Վարձկան ահաբեկիչները 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից կռվել էին Արցախի դեմ։