
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ գարնանը նախատեսում է փողոցային շարժում սկսել, կանցկացվի հանրահավաք։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետ որեւէ կոմունիկացիա չունեն։ «Ես ինքս առաջին իսկ օրվանից, այն ժամանակ պետնախարար չէի, շփվելով նրանց հետ, զգում էի վերաբերմունքն արցախցիների մասով։ Մի քանի փակագծեր կփորձեմ բացել։ Ես ինքս հակված եմ եղել, որ պետք է լինի հանրային ճնշում։ Այն, ինչ տեղի ունեցավ մայիս-հունիս ամիսներին, երբ մենք հանրահավաք արեցինք, վրան տեղադրեցինք, դրան հաջորդեցին բնակարանային ծրագրում փոփոխությունները՝ 150-ից ավելի բնակավայրեր 3 մլն-նոց գոտուց փոխվեց 4 մլն-ի։ Եվ մեր հայրենակիցները երկու ամիս եւս աջակցություն ստացան, այսինքն՝ մոտ 50 հազար արցախցիներ ստացել են 40 հազարական դրամ աջակցություն։ Շատ հաճախ արցախցիները մեզ մեղադրում են՝ ինչո՞ւ վրանը հանեցիք։ Եթե փողոցում լիներ 10 հազարի փոխարեն 20 կամ 30 հազար մարդ, վստահեցնում եմ ձեզ, որ մեր դիրքերն ավելի պինդ կլինեին եւ մեր բանակցություններն այլ ընթացք կունենային։ Ինքս կարծում եմ, որ պետք է հանրային ճնշում, սպասել, որ Հայաստանի կառավարության կողմից փոփոխություներ կլինեն, չեմ հավատում։ Եվ առաջիկայում, հանդիպելով տարբեր քաղաքացիների հետ, ինքս որոշում եմ կայացրել, հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլի սկզբին սկսել փողոցային շարժում։ Տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք՝ ինչ կարող ենք անել»,- ասաց նա։
Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ պայքարը սկսելու են՝ հաշվի առնելով արցախցիների այսօրվա սոցիալական վիճակն ու արտագաղթի տեմպերը։ «Այսօր ունենք 20-25 հազար հայրենակիցներ, ովքեր արտագաղթել են, բայց վստահ չեմ, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, արցախցիները մեծ մասն այստեղ կլինէին։ Այնտեղ եւս բազմաթիվ խնդիրներ կան, մասնավորապես, փաստաթղթերի հետ կապված։ Շատերը գնում են, հետ են գալիս, մեղմ ասած, գնալու տեղ չունեն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ինքս հարկ եմ համարում եւ ինձ վրա պատասխանատվություն են վերցնում՝ փորձել ինչ-որ բեկումնային իրավիճակ մտցնել արցախցիների սոցիալական եւ ոչ միայն սոցիալական վիճակում։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու եւ մի ամբողջ ժողովրդի՝ 1988 թվականից սկսած Ղարաբաղյան շարժումը եւ հակամարտության էջը փակել»,- նշեց նա։
Ըստ Իսկանդարյանի՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է տանում Ղարաբաղյան հակամարտությունը փակելու եւ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» արհեստական թեզի միջեւ, սա առնվազն անընդունելի է։ «Իսկ ինչո՞ւ չի խոսում այն մասին, որ 1990-ական թվականներին Բաքվի ջարդերից հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ տեղափոխվել են այստեղ, նրանց իրավունքի հարցի մասին ինչո՞ւ չի բարձրաձայնում»,- ասաց նա։