
«Պետնախարար նշանակվելուց հետո Հայաստանի կառավարությունը մեզ հետ կոմինիկացիաներ չի պահում։ Խնդիրն այն է, որ փորձում է հասարակական կազմակերպությունների հետ որոշ հարցեր քննարկել, ուղղակի ակնհայտ է, թե ուր են տանում այդ ճանապարհները՝ փակել արցախցիների իրավունքների հարցը եւ Արցախի իշխանությունների դերը նսեմացնել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշեց, որ միջնորդավորված դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, փոխնախարարների՝ տարբեր սոցիալական խնդիրներ քննակելու համար։ Բայց հանդիպում չի կայացել։
Նժդեհ Իսկանդարյանը նաեւ պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ փողոցում պատահաբար հանդիպել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ «Ինքս չէի կարող անտարբեր անցնել, ներկայանալուց հետո իմ այն հարցադրմանը, որ երկու տղամարդ ենք եւ առանց տեսախցիկների զրուցում ենք, ի՞նչն է ստիպում ձեզ այսպիսի սոցիալական խնդիրներ ստեղծել արցախցիների համար, հաշվի առնելով Հայաստանի շուկայական գները՝ ինչպե՞ս կարող են 1-3 հոգանոց ընտանիքները բնակարաններ ձեռք բերել, ի զարմանս ինձ այսպիսի պատասխան հնչեց՝ ի՞նչ է, արցախցիներն ուզում են Երեւանի կենտրոնու՞մ ապրել։ Ուղղակի ասելու բան չունեմ»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Պետնախարարը նշեց, որ երբեւիցե արցախցիները չեն ասել, թե ցանկանում են ապրել Երեւանում։ Նա հիշեցրեց, որ տարբեր հանդիպումների ժամանակ իրենք ՀՀ կառավարությանը բազմիցա առաջարկել են մարզերում կառուցել բնակարաններ, որպեսզի արցախցիները համատեղ ապրեն՝ պահպանելով իրենց բարբառն ու ավանդույթները։
«Եվ նա այս հարցադրմանը պատասխանել է, որ ուժ է գեներացվում։ Հակադարձելով, որ Սյունիքում սյունեցիներն են ապրում կամ Շիրակում Շիրակի ժողովուրդն է, պատասխանը եղել է այն, որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Մի խոսքով՝ տհաճ խոսակցություն ենք ունեցել, որից հետո բաժանվել ենք։ Ինձ համար պարզ է, որ չպետք է սպասել Հայաստանի կառավարությունից փոփոխություններ։ Ինչո՞ւ եմ ես անընդհատ նշում սոցիալական խնդիրները, որովհետեւ դրանք փոխկապակցված են մեր իրավունքների հետ։ Պա՞րզ է, չէ, որ եթե Հայաստանում չլինեն արցախցիներ, իրավունքի հարց չի լինի։ Իրավունքի հարցը նախ մենք պետք է բարձրաձայնենք։ Մենք երբեւիցե հանդիպե՞լ ենք մեր հայրենակիցների, ովքեր կխոսեն Նախիջեւանի վերադարձի մասին, ոչ, որովհետեւ այդ մարդիկ լքել են մեր հայրենիքը։ Ես չեմ ուզում, որ մեր սերունդները նույն խոսեն Արցախի մասին»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ եւ կտրուկ փոխվում է, ուղղակի պետք է զգոն եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։