Արտակ Մկրտչյան. Արցախին նվիրված միջոցառումը զուտ մշակութային բնույթ է կրում

  • 15:13 17.01.2026

«Հրապարակը» գրում է, որ Հայաստանի իշխանությունները դեմ էին կիրակի՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված Արցախին նվիրված մշակութային միջոցառմանը։ Թերթի տվյալներով՝ կառավարության պաշտոնյաները, Ազգային անվտանգության ծառայության միջոցով, միջնորդներ են ուղարկել կազմակերպիչներին և սկզբում փորձել են նրանց հետ պահել միջոցառումը անցկացնելուց, սակայն հրաժարվելուց հետո զգուշացրել են այն քաղաքական միջոցառման չվերածել և հանրության ուշադրությունը չգրավել։

Հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը, Step1-ի հետ զրույցում նշել է, որ միջոցառումը զուտ մշակութային բնույթ ունի և քաղաքական երանգ չկա։

«Սա զուտ մշակութային միջոցառում է, որը կազմակերպվել է Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով։ Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչ հսկայական մշակութային հարստություն կարող են կորցնել հայերը, եթե Արցախի մշակույթը շարունակի անտեսվել։ Այս միջոցառումը փորձ է պահպանել այն մշակույթը, որն այժմ դուրս է մղվում հանրության աչքից։ Հույս ունենք, որ այս միջոցառումը կծառայի որպես խթան Արցախի մշակույթի պահպանման և զարգացման համար՝ չնայած ստեղծված իրավիճակին», – ընդգծել է Մկրտչյանը։

Ալվարդ Գրիգորյան