
5000 եւ ավելի կիլոմետր շառավղով բնակվող ժողովուրդները դեռ կիմանան, թե ինչ դեր է ունեցել այս լեռն իրենց ճակատագրում
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ընդունված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը հիշեցնում է լայն սպառման ապրանքների առքուվաճառքով զբաղվող կրպակավարների բանավոր բազար, որի կողմերը փորձում են իրար սիրաշահելով թաքցնել իրական մտադրությունները: Ընդ որում, անհատ ձեռներեցների մոտ դա հաստատ ավելի պատկառելի տեսք կունենար, քան ստացվել է ՀՀ-ԱՄՆ այս հայտարարության մեջ։
Արժե ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա։ Նախ, հայտարարության մեջ պարբերաբար շեշտվում է «Ադրբեջանի հիմնական մաս․․․ իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն» արտահայտությունը։ Հայ-ամերիկյան հայտարարությունը ստորագրած ՀՀ եւ ԱՄՆ արտգործնախարարները կարո՞ղ են ցույց տալ մի փաստաթուղթ, ըստ որի Նախիջեւանի ԻՀ այսպես կոչված ադրբեջանի մասն է։ Փոխարենը, կա միջազգային փաստաթուղթ, որում գրված է, որ Նախիջեւանը հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես Բաքվի խնամակալության (պրոտեկտորատ) ներքո։ Գուցե կան գաղտնի արձանագրություննե՞ր․ այդ դեպքում թող հրապարակեն դրանք։ Միեւնույն ժամանակ, ՀՀ դրածո իշխանության հայտարարություններին հղում անելն ԱՄՆ-ին զավեշտալի դրության մեջ կդներ։
Հիշեցնենք, որ Նախիջեւանը Բաքվի խնամակալության ներքո է հայտնվել Հայաստանի Հանրապետության ռուս-թուրքական օկուպացիայի եւ ՀՀ տարածքների գերակշիռ մասը Մոսկվայի կողմից թուրքերին նվիրաբերելու արդյունքում, Կարսի պայմանագրով։ ԱՄՆ-ն փորձում է լեգիտիմացնե՞լ ցեղասպանության ռուս-թուրքական այս ակտը։
Հայ-ամերիկյան հայտարարության մեջ արժե ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա․ այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» անհրաժեշտությունը հիմնավորվում է «խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի» անհրաժեշտությամբ։ 2020-ի նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» հեղինակն ու ստորագրողները նույնպես Արցախի ցեղասպանությունն ու ՀՀ տարածքի օկուպացիան «հիմնավորում» էին խաղաղության ինստիտուցիոնալացման ու հաղորդակցությունների բացման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ ԱՄՆ նախ Երեւանում իր դեսպանուհու բերանով, ապա 2023-ի սեպտեմբերի 17-ի Ստամբուլի գաղտնաժողովում եւ սեպտեմբերի 21-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում իր բարձր հովանին հայտնեց Արցախի ցեղասպանության ռուս-թուրքական գործողությանը։
Հիմա ԱՄՆ Հայաստանի հետ ստորագրում է իր եռակողմ հայտարարությունը։ Այո, եռակողմ․ հայտարարության մեջ պարզ նշված է, որ ԱՄՆ կարող է ՀՀ հարավով անցնելիք հաղորդակցությունների իր բաժնեմասը փոխանցել երրորդ կողմի։ Երրորդի էլ, չորրորդի էլ։ Սա փաստացի ՀՀ տարածքի օկուպացիայի «ինստիտուցիոնալիզացիայի» մասին է, եւ դա երեւում է թեկուզ նրանից, որ հայտարարության մեջ տեղի-անտեղի, ամեն պարբերության մեջ նշվում է «ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության» մասին։ Ի՞նչ կարիք կա, եթե խոսքը պարզապես հաղորդակցությունների ստեղծման մասին է։ Առավել եւս, որ ինչպես երեւում է նույն այդ հայտարարության բովանդակությունից, ԱՄՆ առանձնապես տնտեսական շահ չունի այս նախագծից։ Խնդիրը գուցե ա՞յն է, ՀՀ տարածքի ռուս-թուրքական օկուպացիան ավելի քաղաքակիրթ փաթեթավորում ապահովելու կարիք է առաջացել։
Ռուսաստանի եւ Եվրամիության արձագանքները հայ-ամերիկյան հայտարարությանը քաղաքական երեսպաշտության գագաթնակետն են։ Արցախի ցեղասպանության կազմակերպիչը եւ օպերատիվ իրագործողը՝ Ռուսաստանը հիշեցնում է իր ինչ որ իրավունքների մասին, իսկ Մինսկի խմբի լուծարման ամոթալի ակտի կողմ Եվրամիությունը իր բաժինն է պահանջում։ Թուրքերի մասին չարժե էլ խոսել՝ նրանք հետեւում են, թե ինչ փաթեթավորմամբ է իրենց տրվելու ՀՀ տարածքը։
Սա հիշեցնում է դասական դիակապտություն ՀՀ տարածքի հանդեպ։ Հայաստանի հարցում ԱՄՆ-Ռուսաստան-Եվրամիություն կոնսենսուսը հաստատված է, իսկ նրանց «հակասությունները» պայմանավորված են նրանով, թե ով ինչ կպլոկի ՀՀ տարածքի օկուպացիայից։ Հակառակ պարագային, հարաբերությունները պարզելու հզոր միջոց կլիներ ՀՀ իրավունքների խնդրի, ներառյալ Արցախի ու Նախիջեւանի խնդիրները բարձրաձայնումը եւ դրանք բանակցությունների անկյունաքար դարձնելը։ Օրինակ, նույն Եվրոպան, որը տրտնջում է, որ ԱՄՆ Ռուսաստանի միջոցով հարվածներ է հասցնում իրեն, միայն Արցախի խնդիրն ակտուալ օրակարգ վերադարձնելով կարող էր փաստի առջեւ կանգնեցնել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին։ Նույնը կարող էր անել ԱՄՆ-ը։
Պետք է նշել, որ միակողմանի իրավիճակներ չեն լինում, եթե առկա են քաղաքական միտք ու կամք՝ նկատելու եւ իրագործելու իրավիճակից բխող հնարավորությունները։ Միեւնույն ժամանակ, ՀՀ ակտուալ քաղաքական ու մեդիա դաշտը զավթած միջոցներն ամեն ինչ անում են այդ հնարավորությունները վերացնելու ուղղությամբ։
ԱՄՆ հերթական անգամ փորձում է փրկել Ռուսաստանին ու Թուրքիային։ Միաժամանակ, ԱՄՆ պատրաստում է իր աստիճանական նահանջը տարածաշրջաններից եւ համաշխարհային առաջատարի դերի դադարեցումը։ Սա առանձին դիտարկման նյութ է։
Արամ Եգանյան