
«Մարդիկ, ովքեր էսօր խաղաղություն են բերում, պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն ինչի մեջ մեղադրվում են, էդ մարդիկ պետք է կարողանան երկիր ներկայացնել, նորմալ շոր հագնել, աշխատանքի գալ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է նախորդ տարեվերջին պաշտոնյաներին խոշոր չափի պարգեւավճար հատկացվել։
Նա նշեց, որ այսուհետ կառավարության անդամներն ու պատգամավորներն այդքան բարձր աշխատավարձ են ստանալու։ Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել է, բայց իրավական հարթությունում դեռ չեն կարողացել դա ձեւակերպել։
«Դա պարգեւատրում չէ, այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել եւ տրվել է։ Ասեմ ավելին՝ էլի է տրվելու։ Ֆիքսեք՝ պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 մլն դրամ է, թե ինքը էն մյուս 500 հազարը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր-կտոր կստանա, դա իր աշխատավարձի մի մասն է, անունը կլինի պարգեւավճար, թե այլ բան»,- հավելեց նա։
Նշենք, որ պատգամավորները նախորդ տարեվերջին մոտ 3 մլն դրամ պարգեւավճար են ստացել, իսկ նախարարները՝ յուրաքաչյուրը 6-7 մլն դրամ։