
2023 թվականից հետո Հայաստանի կրթական համակարգը կանգնած է նոր, աննախադեպ մարտահրավերների առաջ։ Պատերազմն ու բլոկադան իրենց ծանր հետքն են թողել ոչ միայն արցախցի երեխաների հոգեբանական, այլև ակադեմիական վիճակի վրա։ Այս պայմաններում ուսուցչի դերը վաղուց արդեն սահմանափակված չէ միայն դասավանդմամբ․ այն վերածվել է աջակցության, կայունացման ու երբեմն՝ փրկության գործի։
«Դասավանդի հանուն Հայաստան» կազմակերպության միջոցով տեղափոխվեցի Կոլխոզաշեն։ Սկզբում նույնիսկ մտածում էի՝ գուցե գյուղի անունը փոխեմ՝ Կոլխոզաշենի։ Բայց այնտեղից դուրս եկա որպես Կոլխոզաշենի պատվավոր քաղաքացի՝ ավագանու որոշմամբ»,- պատմում է Աշոտ Գաբրիելյանը, ով 2 տարի աշխատել է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։
«Ուսուցչությունը մեր ընտանիքում միշտ կարևոր է եղել։ Հպարտությամբ եմ նշում, որ այս ուսուցիչների աշակերտն եմ եղել։ Մաման էլ է ուսուցիչ։ Երբեմն հեգնանքով ասում էի՝ «ուսուցիչ չե՞ս», բայց Կոլխոզաշենում շատ հստակ հասկացա, թե որքան մեծ ու կենսական նշանակություն ունի այս մասնագիտությունը»,- նշում է Աշոտը, ով հիմա ղեկավարում է արտակարգ կրթության բաժինը «Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամում։
2023 թվականից հետո սկսեցին իրականացնել «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը՝ շեշտը դնելով սոցիալ-հուզական աջակցության և երկարօրյա դպրոցների վերափոխման վրա։
Առաջին տարում թիրախավորել էին 1–9-րդ դասարանների արցախցի երեխաներին։
«Ունեինք երեխաներ, որոնք վախից չէին խոսում։ Կային աշակերտներ, որոնք վախենում էին դասի զանգից․ զոհվածի երեխա էր, չէր կարողանում շփվել մյուսների հետ։ Կամ երեխաներ, որոնք ականատես էին եղել համադասարանցու մահվան։ Երբեմն երեխաներին ասում էին՝ բարբառով մի խոսիր, որ միջավայրին հարմարվես։ Բայց դա ավելի էր խորացնում նրանց ցավը։ Երեխաները ծանր էին տանում ինքնությունից զրկվելու այդ փորձը»,- նշում է նա։
Պատերազմի ու բլոկադայի ընթացքում տուժել էր նաև երեխաների ակադեմիական մակարդակը․ տառերի թերի իմացություն, դասերի բացթողումներ՝ ցրտի, շրջափակման պայմանների պատճառով։
«Այսօր մեր թիրախում միայն արցախցի երեխաները չեն։ Այն մեթոդներն ու աշխատանքները, որոնք մշակել ենք, արդեն իրականացվում են Հայաստանի տարբեր դպրոցներում։ Մենք հասկանում ենք՝ սա կաթիլ է օվկիանոսում։ Սակայն Համաշխարհային բանկի իրականացրած ուսումնասիրությունները ևս ցույց են տալիս, որ արցախցի աշակերտները շարունակում են մնալ բարձր սթրեսային վիճակում։ Եվ սա երկարաժամկետ, համակարգային աշխատանքի կարիք ունի»,- նշում է Աշոտը։
Սա ոչ թե Աշոտի եւ ուսուցչությունի արտակարգ կրթությանն անցնելու պատմություն է, այլ ամբողջ համակարգի մասին է, որը ստիպված է վերանայել իր մոտեցումները՝ կրթությունը դարձնելով ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև ապաքինման տարածք։
Երբ դպրոցը դառնում է անվտանգ միջավայր, ուսուցիչը՝ վստահելի մեծահասակ, իսկ լեզուն ու ինքնությունը՝ պաշտպանված արժեք, կրթությունը սկսում է իր ամենակարևոր գործը՝ բուժել։
Մարիամ Սարգսյան