Սարգիս Խանդանյան․ «Ադրբեջանցիների վերադարձի» հարց Հայաստանի իշխանությունը որեւէ փուլում չի քննարկի

  • 16:09 20.01.2026

«Ադրբեջանի այդ խոսույթն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար։ Եվ մենք անընդհատ այդ մեսիջը տալիս ենք Արդբեջանին, որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այդուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաեւ խոսույթը»,- այսօր լրագրողներին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակմանը։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցում որպես Հայաստանի համար արտաքին սպառնալիք նշվում նաեւ այն, որ Ադրբեջանն առաջ է քաշում այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների» թեզը։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են։

Հարցին, թե ՀՀ իշխանությունը քննարկո՞ւմ է «ադրբեջանցիների վերադարձի» հարց, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․  «Այդ խոսակցությունը Հայաստանի իշխանությունը որեւէ փուլում չի քննարկի, հատկապես այն շեշտադրումներով, որով տեւական ժամանակ խոսել է Ադրբեջանը։ Դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի, մի թեմա է, որը չարժե արծարծել։ Մենք ավելի լայն օրակարգեր ունենք մեր հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա»։