Շողեր Սարգսյան․ թատրոնը՝ տուն, անուն և շարունակություն

  • 16:20 20.01.2026

Շողեր Սարգսյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի երիտասարդ դերասաններից է։ Նրա ճանապարհը բեմում ձևավորվել է մի թատրոնում, որի մասին երկար ժամանակ խոսվում էր ոչ թե որպես ստեղծագործական օջախի, այլ որպես բացակայության, կորստի ու սպասման պատմության։

Շատերը չէին հավատում, որ Ստեփանակերտի թատրոնը երբևէ կրկին կհավաքվի ամբողջական թիմով ու կվերադառնա բեմ։ Բայց թատրոնը վերադարձավ։ Թեպետ ոչ ամբողջ կազմով, ոչ նախկին պայմաններով, բայց՝ բովանդակությամբ։

Այսօր այն գործում է փոքր կազմով, սակայն նույն գիտակցումով՝ բեմ բարձրանալը միայն արվեստ չէ։ Սա առաքելություն է։ Սա պայքարի ձև է։

Շողերը հիշում է, որ անգամ Արցախում թատրոնը միշտ շենք չուներ։ Տարբեր տարիներին ներկայացումները բեմադրվում էին տարբեր վայրերում, տարբեր պայմաններում։ Բայց թատրոնը երբեք չէր դադարել գոյություն ունենալ։

«Ստեփանակերտ» անունը միշտ պահպանվել է՝ անկախ տարածքից։ Այդ անունը թիմի համար ոչ միայն քաղաք է, այլ ինքնություն։ Այս գիտակցությամբ է բեմ բարձրանում նաև այսօր։

«Արա, պա ստի պեն կինի» ներկայացումը, որի բեմադրիչը Ռուզան Խաչատրյանն է, դիտավորյալ զերծ է ծանր տխրությունից։ Դահլիճում մարդիկ լիաթոք ծիծաղում են՝ առանց ցավի։ Եվ հենց այդ ծիծաղն է դառնում թատրոնի լեզուն՝ այսօրվա իրականության մեջ»,- ասում է Շողերը։

Դերասանուհու համար այս հանդիպումները հանդիսատեսի հետ առանձնահատուկ հուզական լարվածություն ունեն։

«Տպավորություն է, թե ձերոնք են գալիս, ձեր տնեցիները՝ մի 200 հոգով»,- ասում է նա։ Այդ զգացողությունը ստիպում է առավելագույնը տալ բեմում, ավելի զգույշ, ավելի պատասխանատու լինել յուրաքանչյուր շարժման ու խոսքի մեջ։

Այսօր Շողերը սովորում է Գալյա Նովենցի անվան դպրոցում՝ թատերական կուրսում։ Նրա օրը լցված է դասերով, փորձերով ու մշտական շարժումով բեմի ու ուսանողական կյանքի միջև։ Բայց թատրոնը մնում է նրա կյանքի կենտրոնում՝ որպես տուն, որտեղ միշտ պետք է վերադառնալ։

Շողեր Սարգսյանին լայն լսարանը ճանաչում է նաև «Ամանորյա զարմանք երկիր» ֆիլմից, որը Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ներկայացնում էր Արցախը՝ իր հումորով, առօրյայով ու կյանքի գունեղությամբ։ Շատերի համար այդ ֆիլմը դարձել է ամենաջերմ ամանորյա պատմություններից մեկը, իսկ այսօր այն դիտվում է ավելի խորը զգացողությամբ՝ որպես հիշողություն։

Շողեր Սարգսյանի պատմությունը միայն մեկ դերասանի ճանապարհ չէ։ Այն Ստեփանակերտի թատրոնի շարունակությունն է՝ բեմում պահված անունով, ծիծաղով ու կենդանի ներկայությամբ։ Թատրոնը այստեղ գոյություն ունի ոչ թե պայմանների շնորհիվ, այլ մարդկանց կամքով։ Եվ հենց այդ կամքն է, որ բեմը դարձնում է տուն։

Մարիամ Սարգսյան