
Գայանե Գաբրիելյանն առաջին անգամ բռնատեղահանվել է Բաքվից և ընտանիքի հետ հաստատվել Արցախում, որտեղ նրա ապուպապերի արմատներն էին։ Թեև ընդամենը 15 տարեկան աղջնակ էր, սակայն նրա հիշողության մեջ ամեն ինչ դեռևս թարմ է։
Գայանեն պատմում է
-Իմ հիշողության մեջ ամենաշատը դաջվել է մի դրվագ, որը երբեք չեմ մոռանում։ Մի օր երեկոյան մի խումբ մարդկանց հետ մեր տուն եկավ թաղամասյին տեսուչը։ Նրանք սկսեցին ցուցակագրել մեր ունեցվածքն ու վերջում ջղայնացած հայտարարեցին, որ մենք՝ հայերս, մեր <<կայսրությունն>> ենք ստեղծում։ Սկզբից չէինք հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Հետո պարզվեց, որ նրանք շրջում էին բոլոր հայերի տներով, որ իմանան մարդկանց կարգավիճակը։ Հաջորդ օրը ադրբեջանցիների խմբերը հարձակվեցին նաև մեր տան վրա։ Լավ էր՝ հայրս արդեն տանն էր․ շուտ էր վերադարձել աշխատանքից։ Այդ պահին մեր տանն էր գտնվում նաև մեր նոր հարևանի աղջիկը։ Նրանք նոր էին մեր հարևան հայերի տունը գնել ու տեղափոխվել Աղդամից։ Երբ զինված ադրբեջանցիները մոտեցան շենքին, մեր հարևանուհին դուրս եկավ ու նրանց ասաց, որ հայերը տունը վաճառել ու գիշերը հեռացել են քաղաքից։ Նրանց տանը մարդ չկա։ Հրոսակները հավատացին և չներխուժեցին մեր տուն։ Ադրբեջանցի հարևանուհին ստեց, որ մենք փրկվենք։ Գուցե նրա համար, որ իր դուստրը մեր տանն էր ու իրեն լավ էր զգում հայերի հետ։ Հավանաբար նա հասկացավ, որ մենք թշնամի չենք իրենց։ Կարելի է ասել, մեզ փրկեց փոքրիկ աղջնակը։
Բաքվում վիճակն օրեցօր շիկանում էր։ Լսում էինք, որ այստեղ-այնտեղ հայերի են սպանում, հարձակվում տների վրա, ունեզրկում նրանց։ Այդ ողջ ընթացքում իմ հայրը օգնում էր շատ ու շատ մեր հայրենակիցների։ Նրանց սնունդ էր հասցնում, օգնում մի շարք հարցերում։ Մաքուր տիրապետում էր ադրբեջաներեն լեզվին, ու այդ հանգամանքն օգնում էր նրան տեղաշարժվել քաղաքում։
Մենք բնակվում էինք Վորովսկի ավանում, որը հիմնականում հայերով էր բնակեցված։ Ընդունվել եմ թիվ 30 հայկական դպրոցը, որտեղ տնօրենը նույնպես հայ էր։ Սակայն իմ ընդունվելու տարում այն դարձավ ռուս-ադրբեջանական դպրոց։ Ուստի ես ստացա ռուսական կրթություն։ Մեր դասարանը բազմազգ էր, սակայն երբևէ թշնամություն չէր նկատվում ոչ մեկի կողմից։ Իհարկե ամեն ինչ փոխվեց հետո։
1989 թվականի դեկտեմբերի 30-ի երեկոյան մեր հարևաններն ասացին, որ լավ բան չի սպասվում, և իրենք ոչնչով չեն կարողանալու օգնել մեզ։ Հայրս հասկացավ, որ ողջ մնալու համար պետք է շտապ հեռանանք։ Դեպտեմբերի 31-ին դուրս եկանք Բաքվից ու բռնեցինք տեղահանության ճանապարհը։ Մեզ չհաջողվեց վաճառել, կամ էլ փոխանակել մեր տունը։ Տանից ոչինչ չենք վերցրել։ Մեր մեքենայով էինք, որի մեջ տեղավորվել էր ընդամենը մի քանի հագուստ։ Մեծ դժվարությամբ հասանք Ասկերան՝ անցնելով Օմոն-ի անցակետերը։ Մեր հեռանալուց 13 օր անց Բաքվում սկվեցին հայերի ջարդերը։
Որոշ ժամանկ անց հայրս մեկնեց Երևան, որտեղ մեր ընտանիքը գրանցվեց՝ որպես փախստական ընտանիք։ Օրեր հետո մեզ զանգեցին ու ասացին, որ փաստաթղթերն արդեն պատրաստ են, և կարող ենք մեկնել ԱՄՆ։ Հայրս, սակայն, փոխեց մտադրությունը՝ հայտարարելով, որ մնալու ենք Արցախում՝ հարազատ Ղլիժբաղում։
Գայանեի համար Արցախում սկսվեց նոր կյանք․ տակավին երիտասարդ աղջիկը դարձավ հայրենիքի պաշտպան
-Միջնակարգ ուսումս շարունակել եմ Ստեփանակերտի թիվ 10 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել եմ բժշկական ուսումնարան։ Սովորել եմ ընդամենը մեկ տարի։ Արցախյան շարժումն արդեն վեր էր ածվել պատերազմի։ Մի օր դասերի ժամանակ մեր լսարան մտավ մեր դասախոսն ու ասաց, որ վիրավոր տղաներին շտապ օգնություն է պետք։ Ես անմիջապես արձագանքեցի ու վազեցի վիրավորների մոտ։ Հենց այդպես էլ սկսվեց իմ ծառայությունը Ստեփանակերտի հոսպիտալում։ Որոշ ժամանակ անց, որպես բուժքույր, արդեն մարտի դաշտում էի։ Իմ 18-ը դեռ չէր լրացել, իսկ եղբայրս 13 տարեկան էր, ու մենք արդեն ահեղ մարտերի մեջ էինք։ Պատերազմի ժամանակ ստացել եմ գլխուղեղի ցնցում, որը մինչ այսօր զգացնել է տալիս։ Հետո տեղափոխվել եմ Ասկերանի շտապ օգնություն, սակայն հաճախակի կրկնվող ցնցումների պատճառով չէի կարող այլևս աշխատել։ Ինձ տրվել է 2-րդ կարգի հաշմանդամություն։
Բաքվից տեղահանվելուց հետո մեր ընտանիքին ցանկանում էին փախստականների համար կառուցված ֆիննական թաղամասում տուն տրամադրել, սակայն հայրս հրաժարվեց՝ ասելով, որ մենք փոքրիկ տուն ունենք, դա բավական է։ Նա նկատի ուներ տատիկիս հին, կապիտալ վերանորոգման ենթակա տունը։
․․Իսկ կյանքն Արցախում շարունակվում էր։ Պատերազմի հաղթական ավարտից հետո մարդիկ փորձում էին վերստին ստեղծել, շենացնել հայրենի բնօրրանը։ Տարիներ հետո ես ևս իմ տունն ունեի, որը, իհարկե, իմ ուժերով եմ ձեռք բերել՝ օգտվելով տարբեր վարկերից։ Առողջությանս վատթարացման պատճառով տարիներով չէի աշխատում, իսկ որդուս պետք է մեծացնեի։ Օրերից մի օր, այն ժամանակ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սամվել Հարությունյանը առաջարկեց շրջանում ստեղծել արհմիություններ՝ զգուշացնելով, որ պետք է ամեն ինչ զրոյից սկսել։ Համաձայնեցի ու սկսեցի աշխատել մարդկանց հետ։ Պետք է ասեմ, որ այն ինձ հաջողվել է։
Այդ ընթացքում ստացել եմ նաև երկու բարձրագույն կրթություն՝ իրավաբանի և տնտեսագետի։ Այդ մասնագիտություններն ինձ օգնել են նոր բնագավառում։ Իմ ու գործընկերներիս ջանքերով շրջանում ստեղծել էր ուժեղ ու համերաշխ կառույց, որը պատրաստ էլ միշտ լինել աշխատողի կողքին։ Ավելի քան 18 տարի Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահն էի։
Գայանե Գաբրիելյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, իսկ երբ Արցախում Ադրբեջանի կողմից կրկին պատերազմներ էին սանձազերծվում՝ նա մարտական ընկերների հետ մարտի դաշտում էր։ Եղբայրը՝ Սամվելը, հեռավոր Ռուսաստանից նույնպես միանում էր քրոջը։
2023-ի սեպտեմբերին երկրորդ անգամ է բռնել տեղահանության ճանապարհը։ Արցախի կորուստը շատ ծանր է տանում
-Ինչո՞ւ համար ենք կռվել, ինչո՞ւ է այնքան արյուն թափվել, եթե պետք է թողնեինք մեր երկիրը։ Տղաներին եմ ափսոսում։ Քանի՜, քանի՜ հոգի զոհվեցին իմ ձեռքերում, քանի՜-քանիսը հրաշքով ողջ մնացին։ Բաքվից տեղահանվելուց հետո 33 տարի ապրել ենք հայրենի հողում, ստեղծել, ոտքի կանգնել՝ հույս փայփայելով, որ այլևս չենք տեսնի այն սարսափելի օրերը։ Սակայն պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Նորից ձեռնունայն հեռացանք մեր երկրից՝ այնտեղ թողնելով մեր բոլոր սրբությունները։
Տեղահանվելուց հետո հաստատվել ենք Արարատի մարզում։ Ամուսինս ու որդիս աշխատում են, ես դստերս եմ խնամում։ Դեռևս քաղաքացիություն չենք վերցել, չենք կարողանում հարմարվել այն մտքին, որ Արցախն այլևս մերը չէ։ Հույս ու հավատ ենք պահում, որ մի օր անպայման կվերադառնանք։
Իմ հայրենակիցներին մաղթում եմ ուժեղ լինեն, որ կարողանան հաղթահարել դժվարությունները, առանց այն էլ շատ ենք կորուստներ տվել ու շարունակում ենք տալ։ Առողջություն եմ մաղթում բոլորին, ու թող անպայման իրականանա մեր երազանքը․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ