
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի» գլխավոր քարտուղար Մոհամեդ Աբդելսալամին, մրցանակաբաշխության կոմիտեի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, ինչպես նաև մրցանակաբաշխության կոմիտեի անդամ, Աֆրիկյան միության նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։
Մուհամեդ Աբդելսալամը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի Զայեդ մրցանակի դափնեկիր է ճանաչվել՝ ի նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, համագործակցության և կայունության օրակարգի առաջխաղացմանն ուղղված իր հետևողական ջանքերի։ Նույն մրցանակը շնորհվել է նաև Իլհամ Ալիևին։
Հանդիպման ընթացքում Փաշինյանը հրավիրվել է Աբու Դաբիում փետրվարի 4-ին կայանալիք Զայեդ մրցանակի հանձնման արարողությանը։
Մրցանակը կրում է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։ 2019 թվականից ի վեր մրցանակը շնորհել է 16 դափնեկիրի 15 երկրներից։
Շառլ Միշելը, որը եվրոպական պաշտոններից հրաժարական տալուց հետո հարմարավետ դիրք է գտել հարուստ հիմնադրամի ժյուրիում, որոշեց «Արաբական մրցանակի» միջոցով ինստիտուցիոնացնել «խաղաղությունը» Հայաստանի համար, որին, ինչպես ասում են, նա ներդրել է իր ամբողջ հոգին։
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ առանց Շառլ Միշելի և Մակրոնի ներդրման, Հայաստանում ներկայիս «խաղաղությունը» գոյություն չէր ունենա։ Նա հիշեցրել է, որ հենց Միշելի և Մակրոնի նախաձեռնությամբ է 2022 թվականին Պրահայում ստորագրվել փաստաթուղթ, որով ճանաչվել են Հայաստանի խորհրդային սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Այլ կերպ ասած, հենց այդ ժամանակ է, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախից՝ խախտելով իր սեփական Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը։
Միշելն ու Մակրոնը դեռ երկար ժամանակ կկրեն իրենց «նախաձեռնության» մեղքի ծանր բաժինը, որի արդյունքում տեղի ունեցավ Արցախի օկուպացիան, բնիկ բնակչության տեղահանությունը և Հայաստանի հարավային սահմանը կորցնելու վտանգը։ Առայժմ այս սահմանը պահպանվում է Թրամփի «վիրաբուժական» միջամտության շնորհիվ, որը ժամանակավորապես հայ-իրանական սահմանը անվանեց իր անունով։
2022 թվականի Պրահայի հռչակագրից և 2023 թվականին Արցախի օկուպացիայից հետո, որը Աղդամում ռուս գեներալը իր թուրք գործընկերոջը ներկայացրեց որպես «վերջապես Ղարաբաղում հաստատված խաղաղություն», «կարգավորման» գործընթացը ընկավ խորը իրավական փոսի մեջ, որի ճաքերը հասել են ԵՄ-ին, Մերձավոր Արևելքին, Իրանին, Ուկրաինային, Ռուսաստանին, Թուրքիային, Իսրայելին և բոլոր այն երկրներին, որոնք դեռևս չեն գիտակցել, թե ինչ են ջարթել Արցախում։
«Խաղաղությունը» և օկուպացիան այդպես էլ չեն “օրինականացվել”։ Այսօր Euronews-ին տված հարցազրույցում Ալիևը խոստովանեց, որ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և բոլոր լեգիտիմ միջազգային կազմակերպությունները ճանաչել են հայերի իրավունքը Արցախում։ Ահա թե ինչու է նա դադարեցրել նրանց հետ գործ ունենալը՝ շփվելով միայն Եվրահանձնաժողովի հետ, որը հասկանում է ուժի կիրառումը։ Հիմա կանոնները փոխվում են, և օրենքի գերակայությունը փոխարինվում է ուժի գերակայությամբ, հայտարարեց Ալիևը, թեկուզ տոնայնությունն այդքան էլ վստահ չէր։
Նա այդպես էլ չբացատրեց, թե այդ դեպքում ինչու է նա ձգտել փակել Մինսկի խումբը, կամ ինչո՞ւ է այդքան համառորեն պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունում, հետ վերցնել միջազգային դատական հայցերը և չեղարկել ԱՄՆ-ի 907-րդ բանաձևը։ Եթե իրավունքը ուժ չունի, ապա ինչպե՞ս է Հայաստանի Սահմանադրությունը խանգարում նրա ուժին։
Հիմա Շառլ Միշելը Փաշինյանին և Ալիևին արաբ շեյխի անունով մրցանակ է շնորհում՝ ազատվելու Արցախում տեղի ունեցածի և այժմ Գրենլանդիայում և Ուկրաինայում տեղի ունեցողի պատասխանատվությունից։