Այն, ինչ կատարվում է արցախցիների նկատմամբ, անթույլատրելի է, հատկապես բնակարանային ծրագիրը

  • 17:34 21.01.2026

«Այս փուլում ոչինչ չպետք է արվի, որովհետեւ նախընտրական ժամանակշրջան է Հայաստանում։ Էլի արցախցիներին փորձելու են կապել ինչ-որ անձանց հետ, հասարակ արցախցիների նկատմամբ հալածանքներ են սկսվելու։ Իմ կարծիքն այն է, որ հիմա ձեռնպահ պետք է մնանք հանրահավաքներից, մինչեւ ընտրությունները կավարտվեն, որպեսզի հասարակ ժողովուրդը մանրադրամի չվերածվի»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի գործիչ Գագիկ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությանը, որ գարնանից նախատեսում են փողոցային պայքար սկսել։

Նախորդ տարի արցախցիների կազմակերպած վերջին հանրահավաքը մարդաշատ չէր, ինչցի հետո որոշում կայացվեց դադարեցնել փողոցային պայքարը։ Հարցին, թե ինչո՞ւ մարդիկ դուրս չեն գալիս իրենց իրավունքների համար պայքարելու, Գագիկ Ավանեսյանը պատասխանեց․ «Հիմնական պատճառը հիասթափությունն է, որ իրենց ձայնը չի լսվում։ Այսինքն՝ հանրահավաքը ձայն է, ճիչ է, եթե չի լսվում, մարդիկ հիասթափվում են»։

Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ միանշանակ կարիք կա, որ արցախցիները միասնական դուրս գան պայքարի՝ կոնկրետ առաջարկներով։ Պետք է առաջ քաշվեն եւ քաղաքական իրավունքների, եւ սոցիալ-տնտեսական հարցերը։ «Այն, ինչ կատարվում է այսօր արցախցիների նկատմամբ, անթույլատրելի է։ Մասնավորապես, բնակարանային ծրագիրը․ թեկուզ ինչ-որ կերպ այդ ծրագիրն իբր շարժվում է առաջ, բայց կարելի է համարել ձախողված։

Բայց ելնելով դառը փորձից եւ իմանալով, որ քիչ մարդ է փողոց դուրս գալու, դա հակառակ էֆեկտն է ունենալու։ Էլի շահարկելու են, ասելու են՝ եթե մարդիկ դուրս չեն գալիս փողոց, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Դրա համար հիմա պետք չէ ոչինչ անել, թող այս նախընտական ժամանակաշրջանն անցի, նոր արդեն պարզ կլինի»,- նշեց նա։