ԱՄՆ-ը ԹՐԻՓՓ-ի իր 70 տոկոս մասնաբաժինը Ալիևի հետ է քննարկում

  • 14:22 22.01.2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակագերը միանալու են։

«Կարո՞ղ է մի օր էլ բանակները միացնի իրար։ Կարող է ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Նույն տրամաբանությունն է, ես հիմա պետք է բացատրե՞մ, թե ինչ ստրատեգիական կարեւորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Սիրելի քաղաքացիներ, դուք օքե՞յ եք մեր էներգետիկ համակարգի, այսինք՝ լույսի ռուբիլնիկը տալու ադրբեջանցիներին։ Ես օքեյ չեմ։ Բայց ստեղ նստած էին մարդիկ, որոնք օքեյ էին»,- ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ էականն այն չէ, թե ինչ է գրված այդ թղթում, որտեղ «ինքնիշխանություն» բառը 16 անգամ շեշտվում է, էականը այն բացահայտումներն են, որոնք արվում են։ «Ազգային ժողովում երեկ Արարատ Միրզոյանին հարց ուղղվեց, որին նա բացարձակ չպատասխանեց։ ԱՄՆ տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան գնացել, Ադրբեջանի հետ քննարկում է ադրբեջանական պետական ընկերությունների ներդրումների հարցը ԱՄՆ այն մասնավոր ընկերություններում, որոնք զբաղված են լինելու ԹՐԻՓՓ-ով։ Տեսեք, թե ինչ սիրուն է թղթի վրա, թղթի վրա 20 քանի տոկոսը Հայաստանինն է, 70 քանի տոկոսն ԱՄՆ-ն է։ Բայց եթե մի քայլ ներքեւ ես գնում, պարզվում է՝ ԱՄՆ այդ 70 քանի տոկոսի իրական տերերի վերաբերյալ այս պահին Արդբեջանի հետ քննարկումներ են գնում։ Ու ես ԱՄՆ-ին մեղադրելու ոչ մի իրավունք չունեմ, ես մեղադրում եմ ՀՀ այսպես կոչված կառավարությանը»,- ասաց Մամիջանյանը։

Նշենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրել էր Արարատ Միրզոյանին․ «Այն օրը, երբ Մարկո Ռուբիոյի հետ կնքեցիք ԹՐԻՓՓ-ի իրագործման շրջանակը, նույն օրը ԱՄՆ առեւտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը այցելել է Ադրբեջան ու ըստ պաշտոնական հաղորդագրության ադրբեջանական կողմի հետ քննարկել է Ադրբեջանի պետական գործակալություններն ԱՄՆ մասնավոր ընկերությունների հետ կապելուն առնչվող  հարցերը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացման գործում կորպորատիվ ներդրումներ անել։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք կառուցելու են, ինչ-որ դերակատարություն են ունենալու ԹՐԻՓՓ-ում, դրանցում կարող են 60 տոկոս մասնաբաժին ունենալ ադրբեջանական կամ թուրքական ընկերությունները։ Սրա մասին ի՞նչ կասեք, սա կանխարգելելու համար որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ եք»։

Արարատ Միրզոյանը հստակ չէր պատասխանել այս հարցին, միայն կրկնել էր նախկինում արած հայտարարությունը, թե առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում կամ մասնակցություն չի կարող տեղի ունենալ։