Արցախից տեղափախված մարդիկ հիմա Գորիսում են, բուժզննում են անցնում

  • 17:18 23.01.2026

Տասը Արցախի Հանրապետության քաղաքացիներ և մեկ ռուսական ծագում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք այսօր տեղափոխվել են Արցախից, Գորիսում են գտնվում։ Բժշկական զննումից և մի շարք անհրաժեշտ ընթացակարգերից հետո նրանք կկարողանան վերամիավորվել իրենց հարազատների հետ, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Այս անձինք չեն լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո։
Նա նշել է, որ ցուցակները պետք է ստուգվեն, որից հետո կպարզվի, թե արդյոք Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները հանձնվել են Հայաստանին։

Այսօր ավելի վաղ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր. «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։

Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։

Տպավորությունն այնպիսին է, որ Արսեն Թորոսյանը նման հայտարարություն արել է միայն Ղարաբաղը որպես “Ադրբեջանի մաս” նշելու համար։ Հակառակ դեպքում կարելի էր ուղակի գրել Արցախ։ 

Ընդհանրապես, արցախցիներին բնութագրող՝ ՀՀ կառավարության կողմից օգտագործվող բառամթերքը 2023-ի սեպտեմբերից հետաքրքիր էվոլյուցիա է ապրել․ “Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քույրեր և եղբայրներ”, “Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ”, “տեղահանված անձինք”, հիմա էլ՝ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող»։