
Արցախցի Գոհար Սահակյանի բազմանդամ ընտանիքը ձմռան կեսին մնացել է դրսում․ այս գիշեր ամբողջությամբ այրվել է Արմավիրի Ջրառատ համայնքում գտնվող տնակը, որտեղ ժամանակավորապես բնակվում էր Արցախից բռնի տեղահանված ընտանիքը։
Տնակում բնակվում էին Գոհարը, ամուսինը, 4 երեխաները, ընտանիքի տատիկն ու մորեղբայրը։ Ընտանիքը բնակապահովման ծրագրի շրջանակներում տուն է գնել նույն գյուղում՝ Ջրառատում, բայց տունը բնակության համար պայմաններ չունի, ներկայում վերանորոգում են իրականացնում։ Իսկ մինչ այդ, չգիտեն, թե որտեղ են բնակվելու, Գոհարն ասում է՝ 4 մակահասակ երեխաների հետ մնացել են դրսում։
«Սերտիֆիկատով տունը վերցրել ենք, ահավոր վիճակում էր, ռեմոնտ ենք անում։ Փողն ընդհանրապես չհերիքեց, վարկ ենք վերցրել, որ ռեմոնտ անենք։ Ստիպված վերցրեցինք այս տունը, որ սերտիֆիկատի փողը չկորեր»,- ասաց նա։
Բնակության համար ոչ պիտանի տունը 44 հազար դոլարով է գնել Գոհարի ընտանիքը, նա ասում է՝ բնակարնների գները թանկացել են այն բանից հետո, երբ սկսել են արցախցիներին բնակարանների վկայագրեր տրամադրել։ Եվ անգամ գյուղերում արցախցիները չեն կարողանում նորմալ պայմաններով տներ գտնել ու միանգամից տեղափոխվել բնակվելու։
«Հրդեհի հետեւանքով մեր բոլոր իրերը կորցրել ենք, ամեն ինչ կար տնակի մեջ՝ մեր շորերը, փողերը, փաստաթղթերը, ամեն ինչ կորցրել ենք։ Վարկի գումարը չէր հերիքել, նաեւ ոսկի էի տարել գրավ դրել, որ վարպետներին գումար տայի, սաղ գումարը վառվել գնացել է։ Բայց ամենակարեւորն այն է, որ բոլոր դակումենտներս են այրվել, շատ եմ տանջվել դրանք դասավորելու համար»,- նշեց նա։
Գոհան ասում է՝ հրդեհը միանգամից է բռնկվել, հնարավոր չի եղել փրկել իրերը։ Հոսանք չի եղել, ինչի հետեւանքով ջուր էլ չի եղել, որ կարողանային հանգցնել․ «Ջուրը նասոսով էինք հանում, բայց հրդեհի հետեւանքով լույս չկար, չկարողացանք ջուրը նասոսով հասցնել ու հրդեհը հանգցնել։ Մոլորվել ենք, չգիտենք՝ ինչ անել»:
Գոհար Սահակյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից։ Ընտանիքն այժմ ունի ամեն ինչի կարիք՝ ժամանակավոր կացարանից մինչեւ հագուստ։ Երեխաներից երեքը աղջիկ են՝ 3,6,11 տարեկան, մյուսը՝ 4 տարեկան տղա։
Լուսանկարում այրվող տնակն է