ՀՀ կառավարությունը այդպես էլ պարզ մարդկային խոսքերով չի դիմել արցախցիներին

  • 00:42 24.01.2026

Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանի կողմից արցախցիների նկատմամբ օգտագործված բառամթերքը վրդովմունքի ալիք է բարձրացրել սեփական անցած ուղին հարգող մարդկանց շրջանում: Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը, խոսելով Արցախում մնացած 10 հայերի այսօրվա Հայաստան տարհանման մասին, նրանց անվանել է «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվողներ», կարծես ինչ-որ մեկին խոստացված գին վճարելով։

Ինչո՞ւ Ալիևը մի քանի օր առաջ որոշեց ազատ արձակել Բաքվում մի քանի տարի պատանդ պահվող չորս հայերին: Եվ ինչո՞ւ այսօր տարհանվեցին Արցախում մնացած 10 հայերը։

Հիշեցնենք, որ Ալիևի հանկարծակի «ողորմածությունը» առաջին անգամ դրսևորվեց Վաշինգտոնում TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան հռչակագրի ստորագրման նույն օրը, իսկ երկրորդ անգամ՝ Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպման օրը, որի ժամանակ, ինչպես ենթադրվում է, կարող էր քննարկվել TRIPP-ի ամերիկյան որոշ բաժնեմասերի փոխանցումը Ալիևին։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները ներգրավված էին ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև գործարքներում: Եվ արդյո՞ք հայերի տարհանումը «մխիթարական մրցանակ» է Հայաստանի համար։

Փաշինյանն ու Վահագն Խաչատրյանը անխոնջ շնորհակալություն են հայտնում Ալիևին նրա «ողորմության» և էժան բենզինի համար, իսկ Արսեն Թորոսյանը, երախտագիտության նոպաիմեջ, նույնիսկ ասաց, որ Ղարաբաղը ոչ թե Հայաստան է, այլ Ադրբեջան։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Ալիևը ամեն օր պահանջում, որ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը հանվի ՀՀ Սահմանադրությունից։ Եթե, ինչպես Թորոսյանն է ասում, Ղարաբաղը Ադրբեջան է, ապա ինչո՞վ է ՀՀ Սահմանադրությունը խանգարում Ալիևին։

Հասկանալի է ՀՀ ղեկավարության կողմից Ալիևի նկատմամբ խորը խոնարհումների քաղաքական հաշվարկը, բայց սեփական ժողովրդի մի մասի նկատմամբ մարդկային վերաբերմունքի բացակայությունը չի կարող արդարացվել որևէ հաշվարկով։

Երբեմն դժվար է բացատրել Հայաստանի իրականությանը անծանոթներին, որ տարիների պայքարից, դժվարություններից, զրկանքներից և ազգային զարթոնքից հետո Հայաստանի կառավարությունը տեղահանված արցախցիներին վերաբերվում է որպես բորոտների: Դժվար է բացատրել, որ Արցախի լիակատար օկուպացիայից և 150,000 մարդկանց տեղահանությունից երկուսուկես տարի անց Հայաստանի կառավարության անդամները ոչ միայն երբեք չեն հանդիպել արցախցիների հետ, այլև նույնիսկ նրանց հետ պարզ մարդկային խոսքերով չեն խոսել: Նրանք չեն ասել. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկիրը հայտնվել է դժվարին իրավիճակում, և մենք ստիպված էինք զոհաբերել ձեզ՝ այն վայրը, որտեղ դուք ծնվել և ապրել եք, մեր մեծ հայրենիքը պահպանելու համար: Հիմա ձեր տները քանդվում են, և դուք չեք կարող վերադառնալ: Բայց մենք գնահատում ենք ձեր զոհողությունները և կանենք ամեն ինչ՝ միասին դիմանալու բոլոր դժվարություններին»:

Սակայն ոչ մի հայ պաշտոնյա չի արտահայտել ափսոսանք տեղի ունեցածի համար կամ հրապարակայնորեն չի արտահայտել մարդկային կարեկցանք, հատկապես այն ընտանիքներին, որոնք կրել են ծանր կորուստ: Սա չի վերաբերում տեղական իշխանություններին, հատկապես մարզերում, որտեղ շատ արցախցիներ զգում են ջերմ աջակցություն: Սակայն այս աջակցությունը ստվերվում է պետական ​​կառույցների սառը, կոպիտ, անփույթ և երբեմն ցինիկ վերաբերմունքով։ Այդ պաշտոնյներն իրենց մեկուսացրել են արցախցիներից անհոգի էլեկտրոնային ծրագրերով և նույնիսկ չեն ուզում լսել նրանց:

Տեղահանությունից հետո արցախցիներին անվանում էին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եղբայրներ և քույրեր», սակայն շուտով այս անվանումը կրճատվեց մինչև «տեղահանված անձինք», առանց որևէ նշման, թե որտեղից կամ ինչու են նրանք տեղահանվել։ Սակայն նույնիսկ սա բավարար չեղավ. այժմ Արսեն Թորոսյանն ասում է, որ մարդիկ տեղահանվել են «Ադրբեջանի Հանրապետությունից (Ղարաբաղ)»։

Արցախցիները արդեն հիշեցրել են Թորոսյանին նրա ծառայության մասին Արցախի պաշտպանության բանակի շտաբում։ Սակայն լավագույն պատասխանը գտնվում է Հայաստանի Սահմանադրության և Անկախության հռչակագրի մեջ, որոնք դեռևս ուժի մեջ են։