Հերոսի մահով ընկան տղաները․ նախ՝ Արմենը, ապա՝ Արտակը

  • 11:18 24.01.2026

Ավետիս և Սրբուհի Խաչատրյանների ընտանիքն ապրում էր խաղաղ, բնականոն կյանքով․ երջանիկ լինելու համար ունեին ամեն ինչ: Չորս տղաներ ծնած, նրանց պատշաճ դաստիարակություն տված ծնողները հպարտ էին և շնորհակալ Աստծուց:

Սակայն 2020-ի 44-օրյա պատերազմն անտարբեր չանցավ նաև այս ընտանիքի կողքով։ Անավարտ մնացին նպատակներ ու երազանքներ, կիաստ մնաց մի մեծ պատմություն:

Հերոսի մահով ընկան տղաները․ նախ՝ Արմենը, ապա՝ Արտակը:

Արմենն ընտանիքի երրորդ որդին էր։ Ծնվել է 1997 թվականի հուլիսի 10-ին: Դեռևս փոքրուց տարբերվում էր երեք եղբայրներից: Համեստ էր, ուներ հանգիստ և զուսպ բնավորություն: Ավարտելով Իվանյանի հիմնական դպրոցը՝ ընտրում է ռազմական ուղին և 2012 թվականին ընդունվում  Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը: Չափազանց կարգապահ էր, պատասխանատու․ ուներ իսկական սպային հարիր կեցվածք։

2015 թվականին, ավարտելով վարժարանը, Արմենը որոշում է ուսումը կիսատ չթողնել և այն շարունակում է Երևանի Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային ֆակուլտետում: Չորս տարի շարունակ Արմենը ջանք չէր խնայում ռազմական գործում ավելի հմտանալու, մասնագիտանալու և իսկական սպա դառնալու համար: 2019 թվականին, որպես հրաձգային դասակի հրամանատար, սկսում է ծառայությունը Մատաղիսի զորամասում: Արդեն լեյտենանտի կոչում ուներ։

Ընկերները պատմում են, որ Արմենը, լինելով խստապահանջ հրամանատար, միաժամանակ սեր ու հարգանք էր վայելում հրամանատարության ու զինվորների կողմից:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արմենն արդեն դիրքերում էր: Երբեք մենակ չթողնելով իր զինվորներին՝ նա կռվում էր խիզախորեն, հաղթելու տենչով: Նրա ստորաբաժանումն իրեն դրսևորում էր բարձր պատրաստվածությամբ:

Ցավոք, հոկտեմբերի 10-ը Արմենի երկրային կյանքի վերջին օրն էր։ Մահացու բեկորային վնասվածքներից ընկավ հայրենիքի նվիրյալը, մարտիրոսվեց՝ միանալով հազարավոր տղաների:

Նրա մարմինը գտնվեց հեկտեմբերի 18-ին, մինչդեռ հարազատները ամեն օր զանգի էին սպասում։ Նրանք չէին կորցնում հույսը, որ որդին կգտնվի ու անպայման տուն կվերադառնա։

Ընտանիքի ավագ որդին՝ Արտակը, ծնվել է 1993 թվականի ապրիլի 23-ին։ Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին․ ցանկացած տղա երեխայի ծնունդ մեծագույն պարգև էր արցախցու համար: Այնուհետև Խաչատրյանների ընտանիքում ծնվեցին հաջորդ որդիները: Ընտանիքը Նորագյուղից տեղափոխվել, ապրում էր Իվանյան համայնքում: Երեխաները հաճախում էին տեղի միջնակարգ դպրոցը և առանձնանում իրենց համեստությամբ, կարգապահությամբ ու շնորհքով:

Ավարտելով միջնակարգը՝ Արտակն ընտրեց բուժակի մասնագիտությունը և ընդունվեց Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջի ռազմաբուժական ֆակուլտետը: Ընտրած մասնագիտության համար տղան ուներ համապատասխան բնավորության բոլոր գծերը․ բարեգութ էր, պատրաստակամ, ուներ մեծ սիրտ։

2013 թվականին, ավարտելով ուսումը, նա ժամկետային ծառայության անցավ Հադրութի զորամասում և հետագայում՝ որպես պայմանագրային զինծառայող, ստանձնեց Մարտակերտի զորամասի դեղատան պետի պաշտոնը: 2020 թվականի փետրվարից Արտակն արդեն գումարտակի ռազմաբուժակն էր:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած Արտակը չնահանջեց նաև այս պատերազմում:

Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեցին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունները, Արտակը վերապատրաստման դասընթացների էր մասնակցում Երևան քաղաքում: Նույն օրը նա վերադարձավ Արցախ և մեկնեց առաջնագիծ: Այդ ահեղ պատերազմի ընթացքում հարյուրավոր կյանքեր փրկեց բանիմաց ռազմաբուժակը։ Նրա ցուցաբերած խիզախության մասին հետագայում պատմում էին ծառայակից ընկերները:

Մարտական դիրքում էր, երբ հասավ գույժը. Եղբայրն է զոհվել՝ Արմենը… Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, առաջին անգամ լքեց դիրքը։ Եղբորը հողին հանձնելուց երկու օր անց՝ Արտակը կրկին ռազմաճակատում էր: Տանը մնալ չէր կարող. վիրավոր զինվորներն իր կարիքն ունեին, անպայման պետք է հասնի: Ժամեր անց ռազմաբուժակն իր գումարտակի հետ Մարտունու ամենաթեժ մարտական կետերից մեկում էր: Բացի վիրավորներին առաջին օգնություն ցույց տալուց՝ վարում էր նաև շտապ օգնության մեքենան: Հոկտեմբերի 27-ին վիրավոր ընկերներին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ Արտակը ծանր վիրավորվեց և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զոհվեց թշնամու ԱԹՍ-ի հարվածից:

Միայն մեկ ամիս հետո գտնվեց հերոսացած Արտակի մարմինը:

Խաչատրյան եղբայրներն իրենց վերջին հանգրվանն են գտել Արցախի՝ հերոսների արյամբ սրբացած հողում, Նորագյուղի զինվորական պանթեոնում։

Ցուցաբերած արիության ու սխրագործության համար Արտակը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն»  և «Մարտական խաչ երկրորդ աստիճանի»  մեդալներով, իսկ Արմենը՝ «Արիություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով:

Հավերժ փառք ու պատիվ ձեզ, հայրենիքի նվիրյալներ

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ