
Չնայած բոլոր խոչընդոտներին և դժվարություններին, Արցախյան մշակույթն ու արվեստը շարունակում են պահպանել իրենց գոյությունը Հայաստանում: Գործող ստեղծագործական կոլեկտիվների պահպանման հետ զուգահեռ շարունակում են աճել ու զարգանալ արցախցի տաղանդների նոր սերունդներ:
Երիտասարդ երգչուհի Թագուհի Խաչատրյանը ծնվել է 2009 թվականին Հադրութի շրջանի Տումի գյուղում: Երգարվեստի հետ նրա ծանոթությունը սկսել է 5 տարեկանից: Սկզբնական շրջանում նա երգում էր հայրենի գյուղի բեմում: Ավելի հասուն տարիքում ընդունվեց Հադրությի DizakArt մշակութային կենտրոնի ժողովրդական երգի և երգեցողության բաժին, սակայն 44-օրյա պատերազմի և տեղահանության պատճառով նրա ուսումը ընդհատվեց:
Պատերազմից հետո մեկ տարի նրա ընտանիքը մնաց Երևանում, որտեղ նա սկսեց հաճախել Ջիվանու անվան աշուղական դպրոցը, սակայն 2021 թվականին DizakArt մշակութային կենտրոնը վերաբացվեց Ստեփանակերտում: Նույն թվականին Թագուհին ընտանիքի հետ վերադարձավ հետպատերազմյան Արցախ և որոշեց շարունակել ուսումը կենտրոնում՝ հարազատ ուսուցիչների ու դասընկերների կողքին:
Նա մեծ ջերմությամբ է նշում հատկապես երգի իր առաջին ուսուցչուհու ընկեր Ռուզաննայի կարևոր դերն իր կյանքում, քանի որ հենց նա բացահայտեց Թագուհու տաղանդն ու երգեցողության հանդեպ մեծ սերը:
2023 թ. Արցախից տեղահանվելուց հետո Թագուհու ընտանիքը հաստատվել է Աբովյան քաղաքում: Այժմ նա ավարտել է ուսուցումը DizakArt մշակութային կենտրոնում և ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան:
Ուսման հետ զուգահեռ Թագուհին արդեն հասցրել է մասնակցել մի շարք տեղական ու միջազգային մրցույթների և փառատոնների, զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ Մասնավորապես մասնակցել է ՙՙՓոքրիկ քայլ ՚՚ և ՙՙArt Music՚ ՚երաժշտական մրցույթ-փառատոններին:
Շուտով նա պատրաստվում է մասնակցել նաև ՙՙԹաքնված տաղանդ՚՚ երաժշտական նախագծին, որը կցուցադրվի Շանթ հեռուստաընկերության եթերում: Նախագծի նախնական փուլը նա արդեն հաղթահարել է:
Թագուհին երազում է աշխարհահռչակ բեմերում երգելու մասին, բայց դրա հետ մեկտեղ նաև չի կորցնում հայրենիք վերադառնալու հույսը: Շատ հաճախ երգում է Արցախի մասին և վստահ է, որ մի օր անպայման կերգի հայրենի Տումիի բեմում հայկական դրոշի ներքո:
Արսեն Աղաջանյան