
Արցախցիների հարկադիր տեղահանման վերջին օրերին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից անցել է ավելի քան երկու տարի։
Չնայած այն հանգամանքին, որ արցախյան իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պարբերաբար բարձրացնում են պայթյունից տուժածների ընտանիքների կարգավիճակի հարցը, մինչ օրս որևէ քայլ այս ուղղությամբ չի ձեռնարկվել։
Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, հարցը բազմիցս բարձրացվել է ՀՀ տարբեր շրջանակներում և ատյաններում՝ հատուկ շեշտադրելով կարգավիճակի կարևորությունը, սակայն մինչ օրս ոչ մի մարմին չի ցուցաբերել այն լուծելու քաղաքական կամք։
Միևնույն ժամանակ, տուժած ընտանիքների մեծ մասը կորցրել է իրենց միակ կերակրողին և հայտնվել ծանր սոցիալական պայմաններում։ Փաստորեն, պայթյունի հետևանքով զոհվածների 238 ընտանիք դեռևս կարգավիճակ չունի։
Վերջերս Ազգային ժողովում Հայաստանի սոցիալական հարցերի նախարարը խոստովանեց ակնհայտը. Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը սովորական պատահար չէր և պահանջում է հատուկ մոտեցում և լուծում: Նույնիսկ դրանից հետո և մինչ օրս որևէ դրական քայլ չի ձեռնարկվել: «Մենք ակնկալում ենք, որ պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքները, մասնավորապես՝ զինծառայողների և ոստիկանների ընտանիքները, կստանան կարգավիճակ և կկարողանան օգտվել աջակցությունից և պետական այլ երաշխիքներից», – հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ վերջին պատերազմի ժամանակ քաղաքացիական զոհերի ընտանիքների կարգավիճակի և նրանց աջակցության տրամադրման հարցը նույնպես բաց է մնում:
Արցախում գործում էր քաղաքացիական զոհերի և քաղաքացիական զոհերի ընտանիքների կարգավիճակ, որի արդյունքում 2020 թվականի պատերազմում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքները ստացել էին 5 միլիոն դրամի միանվագ օգնություն: Սակայն Հայաստանի Հանրապետությունում նման կարգավիճակ գոյություն չունի, և 2023 թվականի քաղաքացիական զոհերի ընտանիքները չեն ստացել որևէ միանվագ կամ այլ տեսակի աջակցություն, ինչը էլ ավելի է բարդացնում այդ ընտանիքների սոցիալական վիճակը։
Պայթյունի հետևանքով զոհվածների և վերջին պատերազմի քաղաքացիական զոհերի կարգավիճակը մեզ համար առաջնահերթություն է, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այս հարցը պահել ուշադրության կենտրոնում, նշեց օմբուդսմենը։
Ալվարդ Գրիգորյան