Արցախի հինավուրց հայկական Դրմբոն գյուղը սպասում է իր բնիկ տերերին

  • 12:13 26.01.2026

2026թ. հունվարի 13-ին օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ:

«Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հրապարակման համաձայն՝ «Գյուղն օկուպացիայից ազատագրվել է 2023 թվականին իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում։ …Իլհամ Ալիևն այցելել է գյուղի բնակիչ Սարվան Աբասովի ընտանիքին, ծանոթացել նրանց նոր տանը ստեղծված պայմաններին… Կիսելով հայրենի հող վերադառնալու ուրախությունը՝ Սարվան Աբասովը երախտագիտություն է հայտնել… Իլհամ Ալիևն ընտանիքին մաղթել է բարեկեցություն հայրենի հողում։»:

Պետք է նշել, որ հինավուրց հայկական Դրմբոն գյուղն, այսպես կոչված, ադրբեջանական ներկայացվելու մասին դատողությունները կատարյալ սուտ են ու կեղծիք:

Ասվածն ապացուցվում է հետևյալ փաստերով:

Սկզբնապես ներկայիս Դրմբոն գյուղը հայերեն կոչվել է Մաչախ, իսկ հետագայում եկվոր թյուրք-թաթարներն իրենց լեզվով այն կոչել են Հեյվալու կամ Յարմ յայլաղ:

«Հեյվալու»-ն բացատրվում է հետևյալ կերպ. «հեյվա» թարգմանաբար հայերեն նշանակում է «սերկևիլ» կամ «սերկևլենի»: «Լու»-ն, ըստ երևույթին, նշանակում է «տեղ», «վայր»: Հետևաբար, «Հեյվալու» նշանակում է սերկևլուտ, այսինքն` տեղ, որտեղ կան մեծաքանակ սերկևիլի ծառեր: Ամենայն հավանականությամբ Մաչախ գյուղում բավական շատ են եղել սերկևիլի ծառերը, որն էլ հաշվի առնելով` թյուրք-թաթարները գյուղն իրենց լեզվով անվանել են Հեյվալու:

«Յարմ յայլաղ»-ը բացատրվում է հետևյալ կերպ. «յարմ» հայերեն թարգմանաբար նշանակում է «կես», իսկ «յայլաղ»-ը` լեռնային հով վայրերում գտնվող արոտավայր, որտեղ ամառները խաշնարածներն ապրում են իրենց անասնահոտերով: Հետևաբար, «յարմ յայլաղ»-ը բառացի թարգմանաբար կնշանակի «կես արոտավայր», ըստ երևույթին վայր, որի կեսն օգտագործվում է որպես ամառային արոտավայր:

Գյուղի «Մաչախ» անունը «Մաչեղ» ձևով առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարի Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի կառուցած Գանձասարի եկեղեցու շինարարության վերաբերյալ պատմող մեծ արձանագրության մեջ, որը փորագրվել է 1240թ. տաճարի հյուսիսային պատին:

Ներկայացնելով եկեղեցու կառուցման մանրամասները` իշխանաց իշխանը միաժամանակ նշել է, որ ինքը հոգացել է միաբանության պետքերը` եկեղեցուն նվիրելով Մաչեղ, Հարջանտուս, Բոլորքոչ գյուղերն իրենց շրջակայքով և ուրիշ բազմաթիվ կալվածքներ. «ՅԱ[Ւ]ԺԱՐՈՒԹԵԱՄԲ ԿԱՄԱՑ ՄԵՐՈՑ, ՈՐՊԷՍ ՏԵՍԱՆԷ ԱՍՏՈՒԱԾ ՀՈԳԱՑԱՔ ԶՊԷՏՍ ՄԻԱԲԱՆԻՑՍ Գ[ԵՂՈՐ]ԱՅՍ ՄԱՉԵՂ, ՀԱՐՋԱՆՏՈՒՍ, ԲՈԼՈՐՔՈՉՆ…»:

Հիմք ընդունելով հիշյալ արձանագրությունը` կարող ենք վստահաբար պնդել, որ 1240 թվականի դրությամբ Մաչախ անվամբ գյուղը գոյություն է ունեցել: Միաժամանակ կարելի է ասել, որ նշված տեղում բնակավայր գոյություն է ունեցել 1240 թվականից ավելի վաղ:

Բանն այն է, որ այժմյան Դրմբոն գյուղի արևելյան մասում` նախկին Մաչախ գյուղից քիչ վերև, գտնվում է մի մատուռ, որի շուրջը կան բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մեկը թվագրված է 1187 թվականով: Սա թույլ է տալիս պնդել, որ 1240 թվականից էլ շատ առաջ այնտեղ բնակավայր է եղել:

Արցախի 14 երևելի անձանց վկայությունների հիման վրա 1630թ. կազմված Գանձասարի վանքի կալվածագրքում Մաչախ գյուղի վեց մասը նշված է որպես եկեղեցուն նվիրված կալվածք:
Արցախի Խաչեն և Ջրաբերդ գավառների երևելի անձանց 1848թ. մայիսի 21-ին տված գրավոր վկայության համաձայն` Մաչախը կամ Դրմբոնը հանդիսացել է Գանձասարի եկեղեցու ձմեռանոց:

Համաձայն Արցախի միտրոպոլիտ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանի 1854թ. հունիսի 15-ի կտակի և 1854թ. օգոստոսի 23-ին կազմված Արցախի թեմի վանքապատկան կալվածքների ցուցակի` Դրմբոն գյուղն, ի շարս բազմաթիվ կալվածքների՝ ներկայիս Մարտակերտի շրջանի Գառնաքար, Ծմակահող, Շահմասուր, Վերին Հոռաթաղ, Վաղուհաս և Հարությունագոմեր գյուղերի հանդիսացել է Հասան-Ջալալյանների տոհմական կալվածքը:

Միաժամանակ Բաղդասար մետրոպոլիտը նշել է, որ ինքը Հասան-Ջալալյանների ունեցած կալվածքների մասին 1853թ. հունվարի 21-ին հայտնել է Արցախի Կոնսիստորիային, որն էլ իր հերթին նույն թվականի ապրիլի 3-ին N 247 գրությամբ հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն:

Փաստորեն, ներկայիս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի յոթ գյուղեր` Գառնաքարը, Ծմակահողը, Շահմասուրը, Դրմբոնը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը և Հարությունագոմերը հանդիսացել են Հասան-Ջալալյանների թագավորական-իշխանական տան տոհմական սեփականությունը:

Համաձայն Արցախի վանքապատկան կալվածքների կառավարիչ Նիկոլայ բեկ Փիրումյանցի 1879թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմած վանքապատկան կալվածքների ցուցակի` ներկայիս Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներն իրենց անասունները ձմռանը պահում են գյուղի կալվածքների մեջ մտնող Դրմբոն տեղամասում, ինչի համար հարկ են վճարում Հասան-Ջալալյաններին:

Այսպիսով, համաձայն պատմական սկզբնաղբյուրների ու փաստաթղթերի՝ 1840-ական թվականների սկզբին Վանք գյուղի մի խումբ բնակիչներ Հասան-Ջալալյանների թույլտվությամբ, սկզբում ձմռանը, ապա նաև տարվա մյուս եղանակներին, իրենց անասունները պահել են ներկայիս Դրմբոն գյուղի և նրան մերձակա տարածքներում, ինչի համար հարկ են վճարել Հասան-Ջալալյաններին:

Տեսնելով, որ ժամանակի ընթացքում մեծանում է Դրմբոնում իրենց անասունները պահել և մշտական բնակություն հաստատել ցանկացող Վանք գյուղի ռամիկների թիվը` Հասան-Ջալալյան տոհմի չորս եղբայրներ՝ Սիրական բեկը, Բաղդասար բեկը, Գրիգոր բեկը և Նիկոլայ բեկը, իրենց հետ վերցնելով նշված գյուղացիների ընտանիքներին, որոնք կազմում էին մի քանի առանձին տոհմեր, Սիրական բեկի գլխավորությամբ մոտավորապես 1890-ական թվականների սկզբներին վերջնականապես Վանքից տեղափոխվել են Դրմբոն:

Գյուղի հիմնադիր և առաջին տանուտերն էլ դարձել է Սիրական բեկ Հասան-Ջալալյանը՝ տողերիս հեղինակի պապի պապը, ով, ի դեպ, ապրել է 120 տարի՝ 1814-1934թթ.:

Որպես բնակավայր պատմական սկզբնաղբյուրներում իր հիշատակման օրից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը Դրմբոն գյուղում հայերից բացի այլ ազգի որևէ ներկայացուցիչ չի բնակվել: Այդ մասին վկայում են թե՛ նախախորհրդային, թե՛ խորհրդային և թե՛ Արցախի Հանրապետության վարչակազմի Արցախում իշխանավարման օրոք անցկացված բոլոր մարդահամարները:

Սակայն, չնայած Դրմբոն գյուղի հայերի կողմից հիմնադրված ու հայապատկան լինելու մասին վերոնշյալ անառարկելի փաստերին, Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմավորման քարոզչամեքենան Ադրբեջանի նավթային դիկտատոր, օկուպանտ և ցեղասպան Իլհամ Ալիևի հրահանգով գյուղը ներկայացնում է որպես, այսպես կոչված, ադրբեջանական:

Հետևաբար, պետք է հնարավորինս շուտ փոխել Ադրբեջանի կողմից միջազգային իրավական ակտերի կոպտագույն խախտմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման հետևանքով ստեղծված անօրեն ու անբնական իրավիճակը և վերականգնել իրերի նախկին օրինական ու բնական դրությունը:

Հրատապ անհրաժեշտություն է ձեռնարկել գործուն քայլեր կովկասյան թաթարներից (ադրբեջանցիներից) ազատագրելու ինչպես Դրմբոն գյուղն, այնպես էլ բովանդակ Արցախի Հանրապետությունը և վերադարձնելու իրենց օրինական ու իրական տերերին:

Արցախահայության վերադարձին այլընտրանք չկա ու չի կարող լինել:

Արցախի բնիկ տերերը պետք է վերադառնան Արցախ` տիրոջ իրավունքով և կարգավիճակով, որտեղ պետք է շարունակեն գործել Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Արցախի ժողովրդի կողմից ձևավորված վարչակազմը պետք է շարունակի կատարել իր պարտականություններն ու իրականացնել իր լիազորությունները:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ